Հայերեն   English   Русский  

​Հայաստանի հոգեբանները նոր մեթոդով կաշխատեն՝ միջսերնդային տրավմաները ամոքելու համար


  
դիտումներ: 161

Հայաստանցի չորս հոգեբան դեկտեմբերի 16-ին ստացան հոգեթերապիայի նոր մեթոդով աշխատելու միջազգային հավաստագրեր և հաջորդ տարվա հունվարի 13-ից հետո այս մեթոդով աշխատանքներ կարվեն «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում:

Այս մասնագետները Բերտ Հելինգերի համակարգային համախմբումների մեթոդով աշխատելու միջազգային հավաստագիր ստանալու համար վերապատրաստման դասընթացներ են անցել Ստամբուլի Համախմբումների, խորհրդատվության և վերապատրաստման միջազգային կենտրոնում:

Մինչ այս Հայաստանում չկային Հելինգերի մեթոդով աշխատող հավաստագրված մասնագետներ: Միայն վերջին երկու տարիներին Ստամբուլի Համախմբումների, խորհրդատվության և վերապատրաստման միջազգային կենտրոնի դասընթացավար, ազգությամբ հայ Ալեքս Գալանտերն է համակարգային համախմբումներ իրականացրել:

«Հաճախ մարդկանց խնդիրներն ուղիղ կապ ունեն իրենց ընտանիքի անցյալում տեղի ունեցածի հետ, եթե նույնիսկ անմիջականորեն նրանք դրան մասնակից չեն եղել: Համակարգային համախմբումների միջոցով վեր են հանվում այդ խնդիրները, և անձը հնարավորություն է ունենում հաղթահարելու դրանք, քանի որ ընտանիքը, կազմակերպությունը և ազգը դիտվում են որպես համակարգեր»,- «Աճ» կենտրոնի ղեկավար և Հելինգերի համակարգային մեթոդով աշխատելու միջազգային հավաստագիր ստացած հոգեբան-հոգեթերապևտ Արմինե Ավագյանը ներկայացնում է մեթոդի հիմնական գաղափարը:

Նա օրինակ է բերում, որ մի անձի մոտ հոգեբանական խնդիրը սոմատիկ կերպով՝ պարբերաբար շնչահեղձությամբ է արտահայտվել: Մեթոդի կիրառման արդյունքում պարզվել է, որ նրա նախատատն իր դստեր արտաամուսնական կապից ծնված երեխային խեղդամահ է արել, և այցելուն անգիտակցաբար խեղդվածի զգացողություն էր ունենում:

Դասընթացավար Ալեքս Գալանտերը խոսում է հայերի և թուրքերի հետ աշխատելու իր փորձի մասին. «Ե՛վ հայերի, և՛ թուրքերի դեպքում մի քանի սերունդ առաջ ապրած Ցեղասպանության ցավն է, որը մերժվում է և օգտագործվում է որպես քաղաքական զենք: Եվ երբ այս ցավը մերժվում է, այն ունենում է իր ազդեցությունը մեր ընտանեկան և ազգային համակարգերի վրա: Այս ցավի բուժման միակ կերպը զոհերի և հանցագործների զգացողությունները ժառանգաբար կրող անձանց մի տեղ բերելն է, որտեղ նրանք իրար հետ կապ են հաստատում ու հանցագործության զգացողություն կրողը գիտակցում է իր նախնիների մեղքը, ինչը, ի վերջո, դրական ազդեցություն է ունենում երկու հակառակվող համակարգերի վրա»:

Կարևորելով Ցեղասպանության հարցը՝ դեռևս 2011 թվականին գերմանացի հոգեթերապևտ Բերտ Հելինգերը, ում հաճախ անվանում են 21-րդ դարի Ֆրեյդ, այց է ունեցել Հայաստան և բարեգործական հիմունքներով անցկացրել է միջազգային կոնֆերանս՝ մեթոդի կիրառմամբ, որին հրավիրված են եղել նաև թուրք գործընկերներ: Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և հարակից պուրակում ծառ տնկել՝ ի հիշատակ զոհերի: Այս այցով սկիզբ է դրվել երկու երկների մասնագետների համագործակցությանը:

Եվ այս տարվա դեկտեմբերի 13-16-ը Ստամբուլի Համախմբումների, խորհրդատվության եւ վերապատրաստման միջազգային կենտրոնի տնօրեն Գյոքսել Կարաբայրի գլխավորությամբ Թուրքիայից Հայաստան էին ժամանել համակարգային համախմբումների մեթոդով աշխատող 15 մասնագետներ: Առաջին օրը նրանք այցելեցին Ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին, և խորհրդանշական խմբային լուսանկար արվեց Հելինգերի կողմից տնկված ծառի մոտ:

Այցի ընթացքում թուրք և հայ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվեցին համակարգային համախմբումներ, իսկ վերջին օրը հայ մասնագետներին հանձնվեցին նոր մեթոդով աշխատելու միջազգային հավաստագրերը:

Հայ-թուրքական հարաբերությունների թեմայով համակարգային համախմբումների մեթոդով աշխատանքները կլինեն շարունակական. պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել փոխայցեր Հայաստան և Թուրքիա: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել մյուս տարի Ադանա քաղաքում, որտեղ 1895 թվականին տեղի են ունեցել Ցեղասպանության առաջին խոշոր դեպքերը:

«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոն ՀԿ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: