Հայերեն   English   Русский  

Հայաստանը՝ Արցախը ներառյալ, մնում է համակարգային ճգնաժամի մեջ ու մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը. Վարուժան Ավետիսյան


  
դիտումներ: 158

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ

իրենց համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը:

«Մեր նպատակն է ստեղծել ազգային ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը: Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ, համակարգային փոփոխությունների գործընթացը ձախողման եզրին է:

Հայաստանը՝ Արցախը ներառյալ, մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության որպես համակարգի, բոլոր 4 հիմնական բաղադրիչների՝ պետական, արտաքին հարաբերությունների, սոցիալ տնտեսական եւ սոցիալ մշակութային մասով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, արդարությունը, շրջակա միջավայրը»,-ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ այլեւս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:

«Պետության ղեկը ստանձնելու օրվանից գործող իշխանությունը անտեսել կամ զրոյացրել է մեր և այլ ուժերի բոլոր առաջարկությունները։

Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած եւ իրեն որպես սպիտակ երեւակայող իշխանությունն ունենա իրական այլընտրանք եւ հակակշիռ, իրական սպիտակների բեւեռ:

Նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ: Այդ բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:

Արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը

Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն»,-ընդգծեց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: