Հայերեն   English   Русский  

​2019-ին ռոբոտաշինության «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է


  
դիտումներ: 2223

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով:

ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով:

Այս մասին հայտարարվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Գյումրու մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի համատեղ ասուլիսում:

«Այս տարի ինժեներական լաբորատորիաների թիվն աննախադեպ աճել է: Տեխնոլոգիական կրթության զարգացումը նախարարության և կառավարության առաջնահերթություններից է. տեխնոլոգիապես զարգացած պետություն կառուցելու համար նման գիտելիքը կարևոր նախապայման է»,- նշել է նախարարը և հավելել, որ ծրագիրը լինելու է շարունակական: Ա. Հարությունյանի խոսքով` 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքի ժամանակաշրջան է, և լաբորատորիաներում կրթվելը անհրաժեշտ է ինչպես ծրագրավորողներին ու ինժեներներին, այնպես էլ այլ նախասիրություններ ունեցող երեխաներին:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը բազմափուլ տեխնոլոգիական ծրագրի հենքն է. «Լաբորատորիայի խմբակներում ընդգրկված երեխաները տիրապետում են եռաչափ մոդելավորմանը, ռոբոտաշինությանը և գիտեն առնվազն ծրագրավորման մեկ լեզու: Նրանք ևս մեկ քայլ անելով կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետ և մտնել աշխատաշուկա: Դրա փորձն ունենք Վանաձորում. «Արմաթ» խմբակ հաճախող բարձր տարիքի աշակերտներն արդեն աշխատում են ՏՏ ընկերությունում, իհարկե, ծնողների իմացությամբ»,- նշել է նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ ՏՏ ընկերությունները մարզային մասնաճյուղեր հիմնեն և աշխատուժը մնա տեղերում:

ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու և Տավուշի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ ապահովված են «Արմաթ» լաբորատորիաներով: Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում, Լոռիում ևս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը (մնացած դպրոցներն ապահովվել էին նախորդ տարիներին): «Երջանիկ եմ, որ 2016 թ. առիթ եմ ունեցել բացելու Տավուշի մարզի առաջին «Արմաթ» լաբորատորիան, իսկ երեկ բացեցինք վերջինը` ամբողջացնելով մարզային ծրագիրը: Սա մեծ երազանք էր, որն ունեցավ հաջողություն, և հնարավորություն` սիրահարվելու տեխնոլոգիաներին»,- ասել է Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը` կոչ անելով բոլոր երեխաներին ընդգրկվել լաբորատորիաներում:

Լոռու մարզպետի տեղեկացմամբ, հունվարից մարզի բոլոր դպրոցներում կգործեն «Արմաթ» խմբակները, որոնք ամբողջությամբ փոխում են դպրոցի մթնոլորտը. «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հետագայում խմբակ հաճախող աշակերտների համար կարող է աշխատավայր հանդիսանալ»,- նշել է նա:

Տարվա ընթացքում ինժեներական լաբորատորիաներ են տեղադրվել նաև Արցախի և Ջավախքի դպրոցներում: Հետագայում ինժեներական լաբորատորիաների համալրման ծրագիրը կընդլայնվի: Նման լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 33-ից պակաս է: «Արմաթ» լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար, պարապմունքներն անվճար են, մեկ խմբում կարող է ընդգրկվել մինչև 18 երեխա:

Այսպիսով, Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի շուրջ 50% դպրոցներում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: