Հայերեն   English   Русский  

​Ցավալիորեն պարզունակ մոտեցում՝ բարդ և նուրբ թեմաներին


  
դիտումներ: 911

Տարեվերջյան ամենախոշորհանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվհարուցված քրեական գործն է։

Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությունից հետո բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Նրանցից շատերը սկսեցին իրենց դիտարկել որպես այդ նույնատիպ հանցագործության զոհ։

Խոսքը հարյուրավոր մայրերի և տասնամյակներ առաջ տեղի ունեցած անձնական պատմությունների մասին է։ Այս հարցում էմոցիան այնքան մեծ է, որ դեպքերի թիվը սրընթաց աճում և աճելու է՝ հատելով բանականության և սառը գիտակցության սահմանները։ Շատ կարճ ժամանակ հետո թացը չորից տարբերելը լինելու է անհնար, հանրային մթնոլորտում իշխելու է իռացիոնալ զգացմունքայնությունը և ցանկացած ռացիոնալ հակափաստարկ լսելու համընդհանուր անկարողությունը։

Մոտ մեկ տարի առաջ կառավարության նիստում այս թեմայովանթույլատրելի հայտարարությամբ հանդես եկավ Արարատ Միրզոյանը։ Անթույլատրելի՝ պարզունակության, հապճեպության և փաստերի բացակայության առումով։ Այն ժամանակ վարչապետ Փաշինյանը տոն չտվեց, և հույս արթնացավ, որ կա սառը դատելու կարևորության գիտակցումը։

Վերջին օրերի զարգացումները, ցավոք, ընթացան արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն և սոցցանցային հետաքննություն։ Այս ամենում ճշմարտությունը շատ դժվար է վերհանել։

Իրավապահ մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը դեռևս չի նշանակում, որ հնարավոր հետևանքները պետք է անտեսվեն հայտարարություն անողների կողմից։

Հասարակության մի հատվածն արդեն իսկ կայացրել է դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Այլևս որևէ մեկին չի հետաքրքրում իրականությունը։

Ես, որպես իրավունքի մասնագետ, չեմ կարող որևէ եզրակացություն անել հանցակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ, քանի դեռ չեն ներկայացվել բավարար և հիմնավոր ապացույցներ, որոնք կհաստատեն կամ կհերքեն հանցագործության փաստը և գործում ներգրավված անձանց մեղավորությունը։

Ես ակնկալում էի, որ հանրության գիտակից հատվածը, իշխանության ներկայացուցիչները նույնպես զուսպ կգտնվեն իրենց հայտարարություններում, մինչդեռ բազմաթիվ քաղաքական գործիչներ ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը՝ չսպասելով դատաքննությանը։

Այսպիսի հարցերի վերաբերյալ սիրողական մակարդակի հայտարարություններն անթույլատրելի են։ Նման հայտարարությունները լրացուցիչ թշնամանք են հարուցում, և, բացի դրանից, թույլ չեն տալիս մեզ՝ անդրադառնալ ավելի խորքային հարցերի, որոնք կան մեր հասարակության մեջ։ Չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ է հիվանդ երեխա ունեցող մայրը ընտանիքի անդամների, այդ նույն հասարակության և մթնոլորտի ազդեցության տակ հրաժարվում երեխայից, չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ են ծնողները ստիպում իրենց երիտասարդ աղջիկներին՝ հրաժարվել երեխայից, որովհետև վախենում են այդ նույն հասարակության արձագանքից, չեն պատասխանում հարցին, թե ինչո՛ւ են այդքան հաճախ արձանագրվում անչափահաս աղջիկների հղիություններ, հարցին, թե ինչպե՛ս է աղբանոցում հայտնվում մոր կողմից խեղդամահ արված երեխայի դին։

Սրանցից յուրաքանչյուրն անձնական ողբերգություն է, բայց դրանք ծնող պատճառները քննարկման առարկա չեն դառնում, մենք հերթական անգամ փորձում ենք վերացնել հետևանքները, և ոչ՝ հասկանալ և վերացնել պատճառները։

Ի վերջո պետք է ընդունել, որ կան թեմաներ, որոնց շահարկումը քաղաքական նպատակներով անթույլատրելի է։ Չի կարելի անվանական թիրախավորել մարդկանց։ Չի կարելի հասարակությանը որևէ շահի, որևէ նպատակի համար մատուցել թիրախներ. դա վերջ չունեցող պրոցես է։

Այս գործով մեղադրանքի հիմնավորումը և ապացուցումը դատաիրավական համակարգի տիրույթում է։ Մենք՝ որպես սրտացավ հանրություն, պետք է ստանձնենք այլ դեր՝ փորձելով հասնել ներհասարակական և ընտանեկան դժվար իրավիճակների և դրանց՝ մարդու կյանքի վրա ազդեցության ուսումնասիրությանը, ողբերգությունների կանխմանը, ներհասարակական մթնոլորտի առողջացմանը։

ԷլինարՎարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: