Հայերեն   English   Русский  

​Սիրուշոյի «Արմատ» մեգանախագիծը շուտով եթերում


  
դիտումներ: 1175

2020-ի հունվարի 4-ից «Արմատ» նոր հեռուստանախագիծը եթեր կհեռարձակվիՀայաստանում` «5 TV» և Ամերիկայում` «USArmenia TV» հեռուստաալիքներով:

Հաղորդաշարը նկարահանվել է Սիրուշոյի մտահաղացմամբ` վերջին 2 տարիների ընթացքում «Արմատ» համերգային շրջագայության ժամանակ: «Արմատ» շրջագայության ընթացքում Սիրուշոն մեծ մենահամերգներով է հանդես եկել աշխարհի հայաշատ համայքներ ունեցող երկրներում` Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Ավստրալիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լատվիա և այլն (որոշ երկրներում` մեկից ավելի քաղաքներում):

Յուրաքանչյուր քաղաքում մենահամերգների, փորձերի, կազմակերպչական աշխատանքների հետ զուգահեռ նկարահանվել է նաև շրջագայության ու այցելությունների ամբողջ ընթացքը` տարբեր երկրներում ապրող հայերին և նրանց կյանքը ներկայացնելու նպատակով: Յուրաքանչյուր այցի սեղմ ժամկետներում Սիրուշոն հասցրել է այցելել տեղի հայկական կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, դեսպանատներ, ինչն արձանագրել է տեսախցիկը. այսպիսով, հեռուստադիտողը Սիրուշոյի «աչքերով» կկարողանա տեսնել հայ համայնքի և հայերի կյանքը:

Սկսելով հաղորդաշարը, Սիրուշոն նշում է. «Փոքր տարիքից շրջագայում եմ, լինում եմ աշխարհի տարբեր երկրներում, ու ինձ միշտ հետաքրքիր է եղել ուսումնասիրել այլ երկրներում բնակվող հայերին՝ ովքեր են նրանք, ինչպես են կարողանում հայրենիքից հեռու այդքան հայ մնալ, ինչպես են օտարության մեջ հաստատվում, կայանում, ինչ ջանքերով են երեխաներին սովորեցնում հայերեն, ինչ զգուշությամբ ու սիրով են պահպանում մշակույթը, ինչպես է սերնդեսերունդ փոխանցվում սերը հայրենիքի հանդեպ և որքանով է պահպանվում»։

Հաղորդաշարի ամեն թողարկում ներկայացնելու է տվյալ համայնքի ձեւավորման պատմությունը, արմատների հետ կապը, օտար երկրներում հայ մնալու դժվարություններն ու

նոր սերնդի ոգին, ինչը զուգակցված է լինելու տվյալ երկրի տեսարժան վայրերի, երգչուհու մենահամերգների ու ետնաբեմի եռուզեռի բացառիկ կադրերով։

Շուրջ 2 տարի նկարահանված հաղորդաշարը հասանելի կլինի նաև երգչուհու պաշտոնական Youtube-իալիքում, որտեղ արդեն կարելի է գտնել հաղորդաշարի անոնսը:

***

Սիրուշոն աշխարհում հայտնի ամենասիրված հայ մշակութային գործիչներից է։ Նրա ստեղծագործությունները հիմնված են ազգային արժեքների վրա: Սիրուշոն բազմաժանր ստեղծագործող է։ Երգերի հիմնական մասի, տեսահոլովակների, բեմական հագուստների, նախագծերի հեղինակն ինքն է։ Նվիրված թիմի հետ բոլոր ստեղծագործությունների վրա անձամբ աշխատում է գաղափարից մինչեւ իրականացում։

Երգչուհին թողարկել և նկարահանել է բազում երգեր և տեսահոլովակներ` դրանցում ներկայացնելով հայկական մշակույթի տարբեր ճյուղեր, գորգագործությունից մինչև հայկական պարեր ու ճարտարապետություն: Երգչուհու ստեղծագործություններն արժանացել են ոչ միայն հայկական ու միջազգային մեդիայի ուշադրությանը, այլ նաև մի շարք հեղինակավոր մրցանակների:

Սիրուշոն այսօր էլ շարունակում է ներկայացել հայկական մշակույթը հայրենիքում և Հայաստանի սահմաններից դուրս: Նա հայկական մշակույթը աշխարհին ներկայացնում է ոչ միայն իր երգի ու երաժշտության միջոցով, այլ նաև «Pregomesh»ապրանքանիշի միջոցով` վերականգնելով հայկական զարդանախշերը և ներկայացնելով դրանք ժամանակակից միտումներին համահունչ: 2013-ին հիմնված «Պռեգոմեշ» ապրանքանիշը վերջին տարիներին մեծ հաջողություններ է գրանցել նաեւ միջազգային շուկայում։ Այն ներկայացվել է բրիտանական «Vogue»-ում, ինչպես նաեւ դարձել է Հայաստանում արտադրված առաջին ապրանքանիշը, որը ներկայացվել է «Bloomingdales» ցանցում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: