Հայերեն   English   Русский  

​Մակրոնի տարեմուտի խոսքը չգնահատվեց


  
դիտումներ: 327

Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձին այս տարի սպասում էին առանձնակի ուշադրությամբ: Ելիսեյան պալատը նախապես ծանուցել էր, որ նախագահը խոսելու է ցավոտ հարցի՝ թոշակային բարեփոխման մասին, որը հանգեցրել է ողջ երկրում խռովությունների բռնկման:

Մակրոնի ուղերձը բավական հստակ էր. քննադատությունը լսում եմ, բայց բարեփոխումը լինելու է: «Մենք պետք է փոխենք թոշակային համակարգը, որպեսզի հավասար իրավունքներ ապահովենք բոլոր աշխատավորների համար: Հետևաբար բարեփոխումը կհասցվի իր ավարտին»,- հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը: Ընդ որում, նա ընդգծել է, որ հանձնարարել է կառավարությանը «գտնել փոխզիջումային լուծում»:

Արհմիությունները Մակրոնի փոխզիջում գտնելու խոստումը բավական թերահավատությամբ են ընդունել: Աշխատանքի համընդհանուր համադաշնության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը հայտարարել է, որ Մակրոնն ապրում է զուգահեռ աշխարհում և սովորական ֆրանսիացիների կյանքին նայում է Ելիսեյան պալատի իր առանձնասենյակի պատուհանից:

Նախագահին քննադատել են նաև թե՛ աջ, թե՛ ձախ քաղաքական ընդդիմության առաջնորդները: Ժան-Լյուկ Մելանշոնը Մակրոնի տարեմուտի ուղերձը բնորոշել է որպես «պատերազմ Ֆրանսիայի բոլոր քաղաքացիների դեմ, որոնք հանդես են գալիս թոշակային բարեփոխման դեմ»: Իսկ Մարին Լը Պենի կարծիքով՝ նախագահի ճառը «բովանդակազուրկ էր»:

Մակրոնի ամանորյա ելույթը տեղի էր ունենում համընդհանուր գործադուլի պայմաններում, որը հայտարարել են ֆրանսիական արհմիությունները ի նշան անհամաձայնության բարեփոխմանը և շարունակվում է արդեն մի ամիս: Հանրահավաքներին մասնակցում են բժիշկներ, ուսուցիչներ, փաստաբաններ, հրշեջներ և անգամ դերասաններ Փարիզի օպերայից: Նման մասշտաբի ընդվզումներ չի եղել Ֆրանսիայում շուրջ 30 տարի:

Թոշակային բարեփոխման բանակցությունների հաջորդ փուլը նշանակված է եկող շաբաթ: Մինչ այդ համընդհանուր գործադուլը, ներառյալ հանրային տրանսպորտինը, շարունակվելու է: Ֆրանսիան կրկին նոր տարին դիմավորեց ցասումի տրամադրությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: