Հայերեն   English   Русский  

​Նիդեռլանդներն այլևս «Հոլանդիա» չէ


  
դիտումներ: 363

2020 թ. հունվարի 1-ից Նիդեռլանդներն այլևս «Հոլանդիա» չի կոչվի: Մինչ այս հենց այդ անվանում էր թագավորության պաշտոնական լոգոտիպում: Այժմ պետական հաստատությունները, դպրոցները, բուհերը, մասնավոր ընկերություններևը և ԶԼՄ-ները պետք է գործածեն միայն պաշտոնական անվանումը:

Նիդեռլանդների կառավարությունը դա մեկնաբանում է որպես երկրի՝ օրինականացված թմրանյութերի և մարմնավաճառության կերպարից ձերբազատվելու փորձ: «Մենք արդիականացնում ենք մեր մոտեցումը,-հայտնել են Նիդեռլանդների զբոսաշրջության խորհրդում:- Մենք ուզում ենք նիդեռլանդցիներին ներկայացնել որպես բաց, հնարամիտ և ներառական մարդկանց»:

Իշխանությունները ենթադրում են, որ ռեբրենդինգի շնորհիվ օտարերկրացիները կհետաքրքրվեն նվազ զարգացած ուղղություններով, ինչը հնարավորություն կտա թեթևացնելու այնպիսի ավանդական զբոսաշրջային ուղղությունները, ինչպիսիք են Ամստերդամը, Հառլեմը կամ Հաագան:

Երկրի անվան փոփոխությունը թագավորության բյուջեի վրա կնստի 200 հազար եվրո: Մինչ այս հայտնի էր դարձել, որ կառավարությունը որոշել է նաև հրաժարվել «Կարմիր լապտերների թաղամաս» եզրույթից՝ փոխարինելով այն շրջանի պատմական «Դը Վալլեն» անվանումով:

Հյուսիսային և Հարավային Հոլանդիաները, որոնց շնորհիվ երկիրը ստացել է ոչ պաշտոնական անվանումը, երկուսն են Նիդեռլանդների 12 գավառների թվում, սակայն երկրի ողջ պատմության ընթացքում ամենազարգացածն ու ճանաչվածն են: Այդ է պատճառը, որ «Հոլանդիա» անվանումը շատ լեզուներում ընկալվել է որպես ողջ երկրի անվանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: