Հայերեն   English   Русский  

ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության ոճն ավելի շուտ Իրանի դեմ պատերազմի հայտարարում է հիշեցնում


Ռոբերտ Մարկարյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 286

Ժամեր առաջ ամերիկյան ռազմական ուղղաթիռներ հարվածեցին Բաղդադի օդանավակայանից հեռացող երկու ինքնաշարժների:

Արդեն պարզվել է, թե ամերիկյան ուժերի միջոցով իրականացված այս հարձակման ընթացքում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար և Իրանի ռազմական ամենաազդեցիկ դեմքերից համարվող գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նրա հետ զոհվել է նաև Իրանի կողմից հովանավորվող Իրաքի աշխարհազորայինների՝ Հաշադ-ալ-Շաբիի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մոհանդեսը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հանդես գալով հայտարարությամբ ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և նշել է, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղղակի հրամանով: Սա բացառիկ դեպք է երբ ԱՄՆ նախագահն առանց այդ երկրի Կոնգրեսի հաստատումն ունենալու նման հարձակման հրահանգ է արձակում:
ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության ոճն ավելի շուտ Իրանի դեմ պատերազմի հայտարարում է հիշեցնում:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի կորուստը ծանր հարված է համարվում Իրանի Իսլամական Հանրապետության համար: Նրա ուղղակի հրամանատարության տակ էին աշխատում տարածաշրջանի տարբեր երկրներում ակտիվ շիա զինված խմբերը: Նրա գլխավորած «Ղոդս» ստորաբաժանումը վերջին տասնամյակների ընթացքում մասնակցել է ռազմական տարբեր գործողությունների, սկսած 1990-ական թվականների կեսերին՝ արևելյան Եվրոպայում գտնվող Բոսնիայի պատերազմից մինչև Լիբանան, Սիրիա, Եմեն և ...:

Այս պահին կարևորը Իրանի հակազդեցությունն է: Փաստորեն Իրանը կանգնած է երկու ընտրության դիմաց: Առայժմ զերծ մնալ ԱՄՆ-ի հարվածին պատասխանելուց, ինչը կնշանակի նահանջել Թրամփի դիմաց և ընդունել կրած պարտությունը և կամ պատրաստվել համազոր պատասխան հարվածի համար, ինչը կարող է տարածաշրջանը կանգնեցել նոր պատերազմի պոտենցիալ վտանգի դիմաց: Իմ համոզմամբ, ցավոք, երկրորդ ընտրության հնարավորությունը շատ ավելի մեծ է:

Հիշենք, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու:
Առաջիկա ժամերի ու օրերի զարգացումները մեծ նշանակություն են ունենալու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: