Հայերեն   English   Русский  

Ի՞նչ սպասել. 2020-ի կարևորագույն իրադարձություններն աշխարհում


  
դիտումներ: 457

Նոր մեկնարկած տարում աշխարհին բազմաթիվ իրադարձություններ ու զարգացումներ են սպասվում: Կարևորագույն զարգացումների մի մասը նախապես հայտնի է ու սպասված: Փորձենք մեկ տեղում հավաքել 2020-ի ամենասպասված միջազգային զարգացումները:

Ընտրություններ ԱՄՆ-ում

Աշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկն ընթացիկ տարում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են. այս երկրի քաղաքականությամբ ու գործողություններով են հաճախ պայմանավորված շատ երկրների քաղաքականությունն ու անգամ ճակատագրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառաջադրվի երկրորդ ժամկետի համար: Եվ նրան խոչընդոտ չի լինի այն, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նրան իմփիչմենտ է հայտարարել: Հարցը, թե արդյոք Թրամփը կշարունակի պաշտոնավարել, կքննարկվի Սենատում հունվարին: Սակայն վերլուծաբանների մոտ կասկած չկա, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը կարդարացնի Թրամփին: Այնուամենայնիվ, եթե Թրամփը վերընտրվի, բացառիկ իրողություն կստեղծվի. Նա կդառնա առաջինը, որը վերընտրվել է ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենտի ենթարկվելուց հետո:

Իսկ նրա վերընտրվելու շանսերը մեծ են: Չնայած նրա վարկանիշն ազգային մակարդակում շարունակաբար նվազում է, սակայն կուսակցության շրջանակներում նա բարձր վարկանիշ ունի: Մյուս կողմից էլ` Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է պառակտված մնալ` այդպես էլ չկողմնորոշվելով, թե իր թեկնածուներից որը կարող է դիմակայել Թրամփին: Առաջադրված 30 դեմոկրատ թեկնածուներից 15-ը դեռևս շարունակում են պայքարը:

Նորից Brexit

2019-ի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունում կայացած ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն ստացավ, ինչը վարչապետ Բորիս Ջոնսոնին հնարավորություն կտա ԵՄ-ից դուրս գալու գործընթացն առաջ տանել: Brexit-ի իրագործման վերջնաժամկետը հունվարի 31-ն է, իսկ գործընթացի մեկնարկից հետո անցումային ժամկետ է սահմանված մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը. նորակազմ կառավարությունը օրենքով արգելել է անցումային ժամկետի երկարաձգումը:

Երրորդ ընտրություններն Իսրայելում

Նախորդ տարի տեղի ունեցած երկու խորհրդարանական ընտրություններն այդպես էլ կառավարություն ձևավորելու հնարավորություն չընձեռեցին քաղաքական ուժերից որևէ մեկին. քվեների բաշխվածությունն այնպիսին էր, որ կոալիցիոն կառավարություն պետք է ձևավորվեր: իսկ խորհրդարան անցած քաղաքական ուժերը, չնայած փորձերին, համաձայնության գալ չկարողացան: Անգամ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը ձախողվեց, որի պարագայում մրցակից երկու քաղաքական ուժերի ղեկավարները` Բենիամին Նեթանյահուն և Բենի Գանցը, հերթով պետք է պաշտոնավարեին որպես վարչապետ:

Նոր` 3-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ի մարտի 2-ին:

Եվրո 2020

Ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունն այս տարի է տեղի ունենալու: Խաղերը կմեկնարկեն հուլիսի 2-րդ կեսին և տեղի կունենան Եվրոպայի 12 քաղաքներում. Ամստերդամում, Բաքվում, Բիլբաոյում, Բուխարեստում, Բուդապեշտում, Կոպենհագենում, Դուբլինում, Մյունխենում, Հռոմում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Լոնդոնում:

Մարս 2020

NASA-ն (Տիեզերական հետազոտությունների ազգային գործակալություն) ընթացիկ տարում նախատեսում է Մարս ուղարկել նոր սարքավորում, որը կրելու է «Մարս 2020» անվանումը: Այն ոչ միայն հետազոտելու է Մարսի ծածկույթը` կյանքի հետքեր փնտրելու նպատակով, այլ նաև կգնահատի, թե որքանով է Մարսը պիտանի մարդկանցով բնակեցման համար:

Նշենք, որ Մարսի վրա արդեն իսկ մեկ այլ ռոբոտ-սարքավորում կա, որը հայտնի է որպես առաջին սելֆի արած ռոբոտ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: