Հայերեն   English   Русский  

​Տնաբույսից մինչև...


Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 802

Որքան էլ որոշել էի այս տոնական օրերին չվրդովվել, չստացվեց:

Չվրդովվելու նպատակով միտումնավոր չեմ դիտել Նոր տարվա դիմավորման «պաշտոնական արարողությունը»: Բայց, միևնույն է, չստացվեց: Սիրելի վարչապետը ջանաց: Երեկվա իր «տնայնագործ գեոպոլիտիկների» թեմայով գրառմամբ:

Գիտեք, ԱՄՆ-Իրան առանց այդ էլ լարված հարաբերություններում նախօրեին արձանագրված իրողությունը՝ ԱՄՆ կողմից թիրախային հարվածով Իրաքում սպանվել է Իրանի հատուկ ստորաբաժանման («Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանում) հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Դա, ինչ խոսք կտրուկ սրել է իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:

Միայն երեկոյան կողմ Հայաստանը պաշտոնապես արձագանքեց կատարվածին՝ ԱԳՆ խիստ ընդհանուր, լղոզված հայտարարությամբ (բայց այս դեպքում դա չէ հարցը):
Իրադարձության մասին հայտնի դառնալուն հաջորդած ժամերին բազմաթիվ հայ իրանագետներ, արևելագետներ, քաղաքագետներ հանրային հարթակներում արձագանքեցին՝ նշելով իրենց մտահոգությունները, գնահատականները, իրավիճակի զարգացման վտանգավոր տարբերակները: Կոնկրետ ինձ ֆեյսբուքներում հիմնականում հանդիպել են բավականին լուրջ իրանագետների, տարածաշրջանն ու հարևան պետությունը ամենևին էլ ոչ գրքերով ուսումնասիրող հարգված մասնագետների բավականին հիմնավորված տեսակետներ, գնահատականներ, վերլուծություններ:

Այդ շարքում այնպիսի գիտնականների ու հետազոտողների, որոնք հարգված և ընդունված են նաև Իրանի համապատասխան գիտական կենտրոններում և շրջանակներում:
Կարճ ասած, մարդիկ, մասնագետներ, որոնց կարծիքները, գնահատականները առնվազն արժե լսել, էլ չեմ ասում՝ նկատի ունենալ:

Ու մեկ էլ այդ խորապատկերում, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պատին նախ, հայտնվում է բուդ-բլինչիկ պատրաստելու ընտանեկան բնույթի լուսանկար, որն ավելի է ընդգծում կոնտրաստը, իսկ որոշ ժամանակ անց, նա, «շանթ ու որոտ» արձակելով բորբոքվում է, թե՝ «կան ինստիտուտներ, ովքեր...» (ժուռնալիստիկան ավարտած չլիներ, սխալը չէի էլ ընդգծի, բայց անցնենք առաջ), ու հետո էլ, թե՝ «...տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել...», կարճ ասած՝ հանգիստ նստեք տեղներդ:
Լավ էլի: Նախ, տնաբույս արժեր ասել, եթե նկատի է առնվում որևէ մեկի՝ ինքն իրեն մասնագետ երևակայելը, ինքնակոչ լինելն, այսպես ասած: Բայց լավ՝ «տնայնագործ»: Ո՞ւմ մասին է, եթե հիմնական գնահատական արտահայտողների առաջին շարքերում, ինչպես վերը նշեցի, ինձ գերազանցապես հարգված և դիպլոմավորված մասնագետներն էին: Երկրորդ. այդ թեմայով արտահայտվողների շարքերում թե տնայնագործական մոտեցում ունեցողներ կային էլ, ապա գերազանցապես վարչապետապաշտությամբ տառապող հայրենակիցներից էին:

Ու առհասարակ, ժուռնալիստիկայում, բազմաթիվ մասնագիտական նրբությունների շարքում կա այդպիսի մոտեցում, որի իմաստը որևէ բնագավառի մասնագետի կարծիքը, մասնագիտական գնահատականը հարգելը, ընկալելը և հանրամատչելի ներկայացնելն է: Վարչապետը մասնագիտությամբ ժուռնալիստ է, համենայն դեպս ժուռնալիստական բարձրագույն կրթություն է ստացել: Եթե խիստ մոտենանք, ապա այս դեպքում հենց իր մոտեցումն է տնաբույս կամ տնայնագործական: Ու եթե անգամ կառավարության ղեկավարի պաշտոնում ես հայտնվել (դա, ի դեպ, մասնագիտություն չէ), առավե՛լ ևս, որ այդ պաշտոնում ես, դա չի նշանակում, թե աջուձախ պիտի վրա տաս ու վիրավորես մարդկանց, մասնագետներին տնաբույս համարես, առնվազն:

Հա, «համապատասխան ինստիտուտների» արձագանքն էլ տեսանք: Շատ, կներեք, տնաբույս ու խեղճուկրակ վիճակ էր: Խայտառակ խեղճուկրակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: