Հայերեն   English   Русский  

​2019–ից մնացած տնտեսական անորոշություններ


Անդրանիկ Թևանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 923

1. Գազի գնի հարց։

Ինչքա՞ն ժամանակ է գործելու 165 դոլար գինը։ Սպառողների համար մինչև ե՞րբ է մնալու նույն սակագինը։ Ո՞վ և ի՞նչ միջոցներից է փոխհատուցելու 10–տոկոսանոց թանկացումը։

2. Ամուլսարի հարց։
Ի՞նչ որոշում է կայացնելու կառավարությունը, փակված փողոցը բացվելո՞ւ է, թե՞ ոչ։ «Լիդիանը» միջազգային արբիտրաժ դիմելո՞ւ է, թե՞ ոչ։ Տորոնտոյի բորսայում «Լիդիանը» վերականգնելո՞ւ է ցուցակումը, թե՞ ոչ։ Հանքը վաճառվելո՞ւ է և ո՞վ է լինելու գնորդը։ Հանքի շահագործման սուբյեկտի փոփոխությունից բողոքը կա՞նգ է առնելու, թե՞ ոչ։

3. Գույքահարկի հարց։
Բարձրանալո՞ւ է արդյոք Երևանի կենտրոնում գույքահարկը։ Կառավարությունը հաշվարկե՞լ է հարկի բարձրացման դեպքում ռիսկերը։

4. Պետական բյուջեի հարց։
Ծախսային մասի թերակատարումը շարունակակա՞ն բնույթ է կրելու։ Կապիտալ ծախսերը կրկի՞ն չեն իրականացվելու։ Ո՞վ է պատասխան տալու 2019թ. 300 միլիոն դոլարից ավելի գումար տնտեսության մեջ չմտցնելու համար։

5. Դրսից երկած աշխատուժի հարց։
Հայաստանում 2019–ին մեծ թվով օտարազգի աշխատուժ կար։ Այս տարի սպասվում է դրա քանակական աճ։ Կա՞ արդյոք պետական քաղաքականություն այն դեպքերի համար, երբ աշխատուժի օտարերկրացիների առաջարկը քանակական ու գնային առավելության կհասնի տեղական աշխատուժի նկատմամբ սպասարկման ու «սև» աշխատանքի շուկայում։

6. Վիճակագրության հարց։
2019–ը հագեցած էր թվային մանիպուլյացիաներով։ Խմբագրվում և սրբագրվում էր անգամ պաշտոնական վիճակագրությունը, այն էլ՝ հետին թվով։

2020–ին հստակություն մտցվելո՞ւ է այս հարցում։ Մասնավորապես՝ համընկնելո՞ւ են աշխատուժի թվերը բոլորիս հայտնի ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում և «1.000 դրամների» հիմնադրամում։

Նոր տարվա գիշերը հայտարարվեց, որ 80 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել 2018–ի մայիսից հետո, բայց «1.000 դրամների» հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ 2018–ի մայիսին փոխանցվել է 523.609.000 դրամ, այսինքն՝ գրանցված աշխատողները եղել են 523.609։

2019–ի վերջին տվյալն ամփոփված է սեպտեմբերով՝ 557.422.000 դրամ, այսինքն՝ «նոր ի հայտ եկած աշխատողների» քանակը հեղափոխական տարվա մայիսի համեմատ նախորդ տարի աճել է 33.813–ով։ Թե որտեղի՞ց էր ամանորյա ուղերձում «ի հայտ եկել» 80 հազարից ավելի նոր աշխատողների մասին թիվը, կփորձենք պարզել 2020–ին։

7. «Տնտեսական հեղափոխության» հարց։
2019–ին «տնտեսական հեղափոխության» մասին զուտ քարոզչական թեզեր հնչեցին։ Պարզվեց, որ այն տեղի կունենա, եթե հպարտ քաղաքացին ՀԴՄ կտրոն պահանջի, մոշ հավաքի և ոչխար պահի։

2020–ին կառավարությունը կփորձի՞ հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունի «տնտեսական հեղափոխություն» ասելով, ովքե՞ր են հեղափոխականները, ի՞նչ ակնկալել այդ հեղափոխության արդյունքում և ի՞նչ բարեփոխումների փաթեթ է առաջարկվում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: