Հայերեն   English   Русский  

​Մի երգի պատմություն. «Բլու Քրիսթմս» -Էլվիս Փրեսլի (Blue Christmas- Elvis Presley)


  
դիտումներ: 1400

Աշխարհում չկա մի երգիչ, որ իր երգացանկում չունենա Սուրբ Ծննդյան կամ Ամանորի մասին որևէ երգ, բայց Էլվիս Փրեսլին այն քիչ երգիչներից է, որոնք ամբողջ ալբոմ ունեն՝ նվիրված բոլորի համար ամենասիրված տոներին։ Փրեսլիի ալբոմի գլխավոր երգը դարձավ «Բլու Քրիսթմս» երգը, որ ձայնագրվել է 1957 թ.։

Ժողովուրդը սիրեց այս երգի էլվիսյան կատարումը: Այն առաջին անգամ կատարվել էր 1948-ին և մինչև Էլվիսը երգել էին տարբեր երգիչներ։ Երգի հեղինակներն են բանաստեղծ-երգահան Ջեյ Ջոնսնը և երգահարդար (composer) Բիլլի Հեյսը։ Երգը հղացվել է Հեյսի մտքում, երբ 1948-ի մի առավոտ գնացքով մեկնում էր աշխատանքի։ Նրա ձեռքին մի օրաթերթ կար, որը ողողված էր Սուրբ Ծնունդի մասին հոդվածներով ու գովազդներով։ Նա անմիջապես մի քանի սևագիր է անում։ Երգի ամբողջական բնագիրը պատրաստ էր մի քանի օր անց: Հետագա աշխատանքը ընթացավ համատեղ։

40-ականների վերջին Միացյալ Նահանգներում արագ թափով զարգանում էր բլուզ ոճը։ Blue անգլերեն բառն օգտագործվում էր տխուր, ընկճված հոգեվիճակ արտահայտելու համար։ Իսկ եթե բառացի թարգմանությամբ «Բլու Քրիսթմսը» նշանակում է «Կապույտ Սուրբ Ծնունդ», ուրեմն ունի «Տխուր Սուրբ Ծնունդ» իմաստը և պատմում է տխուր ու ընկճված հոգեվիճակով երիտասարդի մասին, որը ծննդյան լուսավոր տոներն անցկացնում է իր սիրած աղջկա կարոտով, որը հեռու է իրենից։

Երգն ավարտելուց հետո հեղինակներն այն ուղարկում են Նյու Յորք՝ իրենց արտադրողին։ Սկզբնական շրջանում երգը ոչ մի երգիչ չէր ուզում կատարել: Ավելի ուշ այն միանգամից ձայնագրեցին մի քանի երգիչներ՝ Թոյ Օթելլը, Հյուգո Ուինթրհալթերը, Էռնստ Թապը և Ռաս Մորգնը։ Յուրաքանչյուրը երգը կատարեց իրեն հատուկ ոճով։ Ժողովրդի ուշադրությունը գրավեց Էռնստ Թապի քանթրի ոճի կատարումը։ 50-ականների կիսերին «Բլու Քրիսթմսը» շատ երգիչներ ընդգրկեցին իրենց համերգային երգացանկում։

Էլվիսը շատ էր հավանում Թապի ստեղծագործությունները: Հետևաբար այս երգի ընտրությունը շատ տրամաբանական էր։ Նա որոշել էր երգը կատարել Թապի պես՝ դասական քանթրի ոճով, սակայն նրա արտադրողը՝ Սթիվ Շոուլզը, պնդում էր, որ երգը պետք է ներկայացվի ավելի նոր, ժամանակակից մեկնաբանությամբ, ինչը Էլվիսի սրտով չէր։

Բարկացած Փրեսլին որոշում է իր կամքին հակառակ տարբերակով երգ չձայնագրել: Ուստի համոզում է իր օգնական երգչուհիներ (backvocalists) Միլլի Քրքհեմին և Դը Ջորդնեյրիսին ձայնագրության ժամանակ երգել անլուրջ ու այնքան տարօրինակ, որ Շոուլզն այն լսելուց հետո ընդհանրապես հրաժարվի ձայնագրված երգը տարածելուց։ Աղջիկներն այդպես էլ անում են։ Եթե լսենք ձայնագրությունը, Էլվիսին ձայնակցող աղջիկների ձայնն ինչ-որ տարօրինակ կենդանու կամ խաղալիքի է նմանվում։ Ամբողջ ձայնագրման ընթացքում նրանք պարզապես խենթություն էին անում։ Սակայն ձայնագրությունից հետո Սթիվն այնքան է հավանում նրանց «այլընտրանքային» կատարումը, որ այն ճիշտ այդպես էլ պահում է ու թողարկում «Էլվիսի Սուրբ Ծննդեան ալբոմում» 1957 թ. հոկտեմբերի 15-ին։ Երգի միայնակ (single) տարբերակը, հայտնի չէ՝ ինչու, թողարկվեց միայն 1964 թ., իսկ 2019 թ. «Բլու Քրիսթմս» երգն ընդգրկվեց Billboard Hot 100 հիթշքերթում և զբաղեցրեց 40-րդ տեղը։

Էլվիսից հետո երգը կատարեցին բազմաթիվ երգիչներ, և այսօր արդեն ոչ ոք չի հիշում դրա առաջին՝ մինչև էլվիսը կատարողներին։

2008-ին Մարտինա Մակբրայթը, ի տարբերություն մյուս երգիչների, ոչ թե պարզապես վերաերգեց այն, այլ ձայնագրեց որպես զուգերգ Էլվիսի հետ։ Տեսահոլովակն էլ հոլոգրաֆիկ մոնտաժի շնորհիվ այնպիսի տեսք ունեցավ, կարծես նրանք իրական բեմի վրա զուգերգ են կատարում։

Ինչպես միշտ նշել ենք, լավ երգերը ժամանակավրեպության թվական չունեն։ «Բլու Քրիսթմսը» նույնպես նման ժամկետ չունի:

ԱՆԱՀԻՏ ԿՈՇԿԱՐՅԱՆ

«Զարթոնքի» աշխատակից

Աղբյուրը՝ ՌԱԿ Մամուլ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: