Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ Կոնգրեսը քննարկելու է բանաձև Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին


  
դիտումներ: 310

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այս շաբաթ քվեարկելու է այն բանաձևը, որը կոչված է հաստատելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունների սահմանափակումը Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երեկ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օրենսդիր դեմոկրատների շրջանում տարածված նամակին:

«Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը կներկայացնի և կքվեարկի բանաձև ռազմական լիազորությունների մասին, որպեսզի սահմանափակվեն ԱՄՆ նախագահի ռազմական գործողությունները Իրանի նկատմամբ: Այդ բանաձևը նման է այն մեկին, որը Սենատ է ներկայացրել սենատոր Թիմ Քեյնը: Այն հաստատում է Կոնգրեսի՝ վաղուց ի վեր սահմանված վերահսկողական պարտականությունները՝ պահանջելով, որ օրենսդիրների կողմից հետագա գործողությունների բացակայության դեպքում ռազմական գործողությունները, ձեռնարկված Իրանի նկատմամբ վարչակազմի կողմից, կասեցվեն 30 օրվա ընթացքում»,- ասված է նամակում:

Ինչպես ընդգծել է Փելոսին նամակում, ԱՄՆ-ի հասցրած հարվածը Բաղդադի օդանավակայանի շրջանում, որի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար զորամասեր) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին, «սադրիչ և անհամաչափ» էր: «Այդ գործողությունները վտանգի տակ դրեցին մեր զինծառայողներին, դիվանագետներին և այլ անձանց՝ սպառնալով Իրանի հետ հարաբերությունների լարվածության լուրջ սրմամբ: Մեր՝ որպես Կոնգրեսի անդամների գլխավոր պարտականությունն է ապահովել ամերիկյան ժողովրդի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով մենք մտահոգված ենք, որ վարչակազմը նախաձեռնել է այդ գործողությունները՝ չխորհրդակցելով Կոնգրեսի հետ, հաշվի չառնելով Կոնգրեսի ռազմական լիազորությունները՝ երաշխավորված ԱՄՆ Սահմանադրությամբ»,- մեկնաբանել է Փելոսին:

Հարվածի մասին Պենտագոնը հայտնել է հունվարի 3-ին: ԱՄՆ Կոնգրեսը նախապես տեղեկացված չի եղել դրա նախապատրաստության մասին: Ինչպես հաղորդել է The Washington Post թերթը, իրականացված գործողության մասին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է օրենսդիրներին շաբաթ օրը: Թերթի տվյալներով՝ Սպիտակ տան ուղարկած հաշվետվությունը գաղտնի է, հայտնի չէ՝ կհրապարակվի այն, թե ոչ:

Կիրակի Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները, ի պատասխան որևէ հարձակման ամերիկյան քաղաքացիների և օբյեկտների վրա, կարող է անհամաչափ ուժգին հարված հասցնել Իրանին: Ընդ որում ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում պաշտոնապես տեղեկացնել Կոնգրեսին Թեհրանի դեմ նման քայլերի դեպքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: