Հայերեն   English   Русский  

​Խորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը


  
դիտումներ: 312

Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) թեկնածու Զորան Միլանովիչը երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ստացել է առավել մեծ թվով ձայներ և դարձել է պետության նորընտիր ղեկավարը:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության Պետական ընտրական հանձնաժողովի (ՊԸՀ) նախագահ Ջյուրո Սեսսային:

Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվառումից հետո պարզ է դարձել, որ Միլանովիչը ստացել է ձայների 52,70 տոկոսը: Երկրի գործող նախագահ Քոլինդա Գրաբեր-Կիտարովիչը ստացել է ձայների 47,30 տոկոսը՝ պարտվելով ընդդիմախոսին:

Ինչպես նշել է Սեսսան, քվեարկությանը մասնակցել է ընտրազանգվածի 54,99 տոկոսը: Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 4,35 տոկոսը կամ ավելի քան 89 հազար քվեաթերթիկ:

Նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերին մասնակցելու իրավունք է ունեցել 3,85 մլն ընտրող, այդ թվում գրեթե 177 հազար արտերկրում բնակվողները: Խորվաթիայի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 4,1 մլն մարդ:

Խորվաթիայի նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկությամբ 5 տարի ժամկետով և մեկ ժամկետ վերընտրվելու իրավունքով: Թեկնածու կարող է դառնալ երկրի 18-ից բարձր տարիքի յուրաքանչյուր քաղաքացի: Նա կարող է առաջադրվել կուսակցության, քաղաքական միավորման, ընտրողների խմբի կողմից կամ անկախ թեկնածու լինել: Ընտրություններին մասնակցելու համար հավակնորդին անհրաժեշտ է հավաքել առնվազն 10 հազար ընտրողի ստորագրություններ:

Ընտրությունների ընթացքին հետևել է ավելի քան 24 հազար դիտորդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: