«Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը
Սերգեյ Փարաջանով. հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ով իր գործունեյությամբ դասվեց հայազգի այն արվեստագետների շարքին, որոնց ժառանգությունը դարձավ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի ձեռքբերումը:
Այժմ աշխատանքներ են տարվում Սերգեյ Փարաջանոցի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերով և կինոնկարին վերաբերող այլ նյութերով ֆիլմ նկարահանելու ուղղությամբ՝ «Անհայտ Փարաջանովը», որի երաժշտությունը կրկին հանձն է առել գրել մաեստրո Տիգրան Մանսուրյանը։
2018 թվականի օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։
Սերգեյ Փարաջոնվի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի նեգատիվ ժապավենները հատված առ հատված ամրացվել-միացվել են, ուղարկվել Լեհաստան՝ վերականգնման ու թվայնացման։
Հայաստանի ազգային կինոկենտրոնն անգլիացի պրոդյուսեր Դենիել Բըրդի հետ համագործակցելով՝ սկսել է հայկական կինոժառանգության վերականգնման ու հանրահռչակման նոր ծրագիր. առաջինը լեհական Fixafilm ընկերությունը վերականգնել և թվայնացրել է «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը (10 րոպե, 1967թ․) ։ Ընթացքի մեջ է «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի վերականգնումը։
103 տուփ ոչնչացումից փրկված (հրահանգ էր եղել այրել մնացած ժապավենները) ժապավենից սկզբում վերականգնվել է կադրերի 1/3-ը։
Փարաջանովյան թեմաներով նախագծերը շարունակական են լինելու։ Դեռ պետք է վավերագրական մի ֆիլմ պատրաստվի այն մասին, թե ինչպես է «Նռան գույնը» նկարահանվել, ովքեր են ընդգրկված եղել այդ աշխատանքներում։
Դենիել Բըրդը Տիգրան Մանսուրյանին առաջարկել է որպեսզի նա գրի «Անհայտ Փարաջանով» նոր ֆիլմի երաժշտությունը։ Ի դեպ, «Կինոյի տաճար» ինստալյացիոն ցուցադրության ընթացքում ևս հնչելու է Տիգրան Մանսուրյանի՝ «Նռան գույնի» համար գրված կինոերաժշտությունը։
Բացի այդ, լեհական Fixafilm ընկերությունն այս պահին էլ շարունակում է «Նռան գույնից» դուրս մնացած կադրերի վերականգնման ու թվայնացման աշխատանքը։
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» նշանավոր ֆիլմը թողարկվել է 1968 թ և նվիրված է Սայաթ-Նովային։
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» հայ հանճարեղ բանաստեղծ, երգիչ, աշուղ Սայաթ-Նովայի կյանքին ու արվեստին նվիրված բանաստեղծական պատում է. խորհրդանիշների եւ այլաբանության լեզվով ռեժիսորը պատմում է մեծ երգչի մանկության, պատանեկության, հասունության, սիրո, մահվան եւ անմահության մասին:
Սերգեյ Փարաջանովի՝ պոեզիայի, ազգագրության և կինոյի հոգեցունց միաձուլման նմուշ հանդիսացող գլուխգործոցները լի են պատկերներով և հնչյուններով, որոնք այրող հետք են թողնում հիշողության մեջ։ «Նռան գույնի» պատկերաշարը, որտեղ համադրված են շոշափողականն ու վերացականը, 18-րդ դարի բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի պատմության միջոցով վերածնում և ներկայացնում է հայկական մշակույթի ողջ վեհությունը՝ նրա մտավոր, գեղարվեստական և հոգևոր աճը ցուցադրելով ոչ թե ավանդական շարադրանքի, այլ սրբապատկերային կոմպոզիցիաների օգնությամբ։
Բանահյուսության և այլաբանության գոբելեն հիշեցնող այս ֆիլմը հեռու է ռեալիզմից, որը գերիշխում էր տվյալ դարաշրջանի խորհրդային կինեմատոգրաֆում, ինչի պատճառով իշխանություններն արգելել էին «Նռան գույնի» տարածումը՝ ֆիլմի ձևափոխված տարբերակը թողնելով հատուկենտ գաղտնի ցուցադրությունների հույսին։
Ֆիլմի այս՝ վերականգնված տարբերակը առավելագույնս մոտ է փարաջանովյան բնօրինակին և նոր կյանք է տալիս կինեմատոգրաֆի՝ արվեստի և գեղեցկության մասին ստեղծված ամենահանելուկային մտորումներից մեկին։
Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։