Հայերեն   English   Русский  

​Ընթացիկ` ԻՐԱՆԻ շուրջ


  
դիտումներ: 648

1. ՆԱՏՕ–ի արտահերթ նիստը` Իրանի և Իրաքի շուրջ հանգել է հետևյալ բանաձևի.

– բոլոր անդամ–երկրները աներկբայորեն աջակցում են ԱՄՆ–ին` Սոլեյմանիի սպանության կապակցությամբ, ասել է թե` կատարվածում չեն տեսնում դատապարտելի և ոչ մի տարր, ինչը հակառակ է գնում Ռուսաստանի, Չինաստանի և մի շարք այլ երկների դիրքորոշումներին;

– Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ–ն կոչ է անում թույլ չտալ լարվածության հավելում տարածաշրջանում. սակայն կա մի նրբություն – նա այդ կոչն ուղղում է ոչ թե ԱՄՆ–ին, այլ բացառապես Իրանին;

– չնայած որ Իրաքում տեղակայված ՆԱՏՕ–ի անդամ երկրների և ոչ անդամ երկրների կոալիցիոն ուժի անդամները շարունակում են դուրս գալ Իրաքից, ՆԱՏՕ-„ արտահերթ նիստում հայտարարվել է, որ Կազմակերպության Իրաքյան առաքելությունը չի փակվում, այն շարունակվելու է: Այսինքն` ներկայիս տեղաշարժը ժամանակավոր է` ի սպասում Սոլեյմանիի սպանության դիմաց իրանական կողմի պատասխանին;

– նիստի ընթացքում հարցականի տակ չի դրվել, անգամ չի քննադատվել ԱՄՆ–ի կողմից իրանական մշակութային ժառանգության 52 հուշարձանների թիրախավորումը:

2. ՆԱՏՕ–ի վերոնշյալ հայտարարությանը հաջորդիվ` ԵվրոՀանձնաժողովը հունվարի 9–ին անցկացնելու է հատուկ քննարկում Իրանի և Իրաքի իրադրության կապակցությամբ: Նման նիստ կգումարվի հունվարի 10–ին Եվրոպական Խորհրդում, բոլոր ԵՄ անդմա երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Հունվարի 11–ին Անգելա Մերկելն այցելելու է Մոսկվա` Պուտինի հետ քննարկման, առաջնային քննարկվելիք հարցերից է Իրանի շուրջ ստեղծված թեժ իրադրությունը:
**Հունվարի 9–ին է կայանալու նաև ՄԱԿԱԽ–ի նիստը` Իրանի շուրջ կայացած խնդիրների վերաբերյալ: ԱՄՆ–ը հրաժարվել է վիզա հատկացնել Իրանի ԱրտԳործ Նախարարին` խոչընդոտելով վերջինիս մասնակցությանը նշված նիստին:

3. Իրանի Խորհրդարանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ և Պենտագոնը որպես տեռորիստական կազմակերպություններ ճանաչելու օրինագիծը: Այս հանգամանքը չգիտես ինչու գնահատվում որպես էմոցիոնալ (նույն ՌԴ ֆեդերալ խորհրդի կողմից, օրինակ):

**Սակայն հարկ է չմոռանալ, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կատարվածը պետական տեռորիստական ակտ ե ԱՄՆ–ի կողմից, ինչպես նաև Իրանի դեմ «մաքսիմալ ճնշումների» քաղաքականության իրականացումն ԱՄՆ–ի կողմից սկսվել էր ԻԻՀ Հեղափոխության պահապանների կորպուսա որպես տեռորիստական կազմակերպություն հայտարարելու փուլից: Ըստ այդմ էլ, Գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ–ի և առհասարակ արևմտյան ճամբարի ինֆոգիծը ներկայացնում է նրան որպես թիվ մեկ տեռորիստ:

**ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել էր կատարված սպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որպես այլ պետության բանակի բարձրաստիճան պաշտոնյայի սպանություն` երրորդ պետության տարածքում: Սակայն ստեղծվում է դիլեմա. եթե ԱՄՆ–ը կանխավ հայտարարել է այն ուժը/կառույցը, որի ղեկավարն էր գեներալը, որպես տեռորիստական կազմակերպություն, ապա ինչպիսի՞ հիմքերով է Իրանին հաջողվելու միջազգային համապատասխան գործընթացնեում ապացուցել եղածի անօրինականությունը: Եվ եթե ԱՄՆ–ը կարող է տեռորիստական կազմակերպության ճանաչման փաստարկն օգտագործել` եղած և սպասվելիք սպանություններն արդարացնելու համար, ապա ինչու՞ չի կարող Իրանը ևս օգտվել նման իրավական «պատուհանից»:

***Այսպիսով, Իրանը հայելային կերպով պատասխանում է ԱՄՆ–ի գործողություններին` օգտագործելով ԱՄՆ–ի իսկ ստեղծած նախադեպային տարրերը: Ավելին, օրինագիծը սոսկ դեկլարատիվ չէ, քանի որ պարտադրում է Երկրի Զարգացման ֆոնդից հատկացնել 200մլն Եվրոյի չափ գումար` առաջիկա երկու ամիսների ընթացքում սպասվելիք ռազմական պատասխան գործողությունների ծախսերը հոգալու համար:

4. ՌԴ ԱԳՆ–ը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնագրից բխող պարտականությունների իրականացման կասեցումը չի հանգեցնելու Իրանի կողմից միջուկային սպառնալիք ներկայացնող ծրագրերի զարգացման: ՌԴ–ը քայլեր է ձեռնարկում` միջուկային համաձայնագիրը փրկելու ուղղությամբ:

5. ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսային զրույցների ձևաչափով խորհրդակցել է Իրանի ԳՇ–ի պետ Մոհամեդ Բագերիի և Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության պետ Հական Ֆիդանի հետ` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ:

6. Երեկ շրջանառված մեմոն առ այն, թե ինչպիսի կարգով են Իրաքը լքելու ԱՄՆ զորքերը, Պենտագոնի – հանձինս պաշտպանության նախարար Մարկ էսպերի – կողմից հայտարարվել է «անմեղ սխալ» թեժ իրավիճակում, երբ տարածաշրջանում տեղակայված զինվորական անձնակազմը փորձում է ԱՄՆ շահերից բխող ճիշտ քայլեր իրագործել: Նա մասնավորապես հայտարարել է. «Իրաքից հեռանալու ոչ մի որոշում չի կայացվել: Վերջակետ»:

** Պենտագոնի և ՊետԴեպի միջև տարաձայնություններ չկան: Պոմպեոն և Էսպերը Ւեսթ Պոյնթ Ռազմական Ակադեմայում եղել են համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ են, աշխատում են համակարգված:

***Պոմպեոն իր, և հետևաբար ՊետԴեպի, վրա է կենտրոնացրել ԱՄՆ և միջազգային ԶԼՄ–ների ուշադրությունը` ղեկավարվելով երկու գործոննրով;

(1) Պոմպեոն շատ հնարավոր Հանրապետական նախագահի թեկնածու է 2024թ–ի կտրվածքով, և օգտագործում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որպեսզի ԱՄՆ քվեարկողի առջև ի հայտ գա որպես քաղաքական լուրջ գործիչ, քանի որ իր կարիերան (ՑՌՈՒ–ի տնօրեն) իրեն հայտնի է դարձրել որպես ավելի շատ ռազմական գործիչ և նա հենց այդպես էլ ընկալվում է հանրության կողմից;

(2) Պոմպեոն միակ Թրամփի թիմակիցն է, ում հետ Թրամփի իսկ պնդմամբ` ԱՄՆ նախագահն առհասարակ չի վիճում, և որպես այդպիսին նա մաքսիմալ արդյունավետ է համակարգում Էսպեր(Պենտագոն)–Թրամփ հարաբերությունները: Մարկ Էսպերին ձեռնտու է չգործել Բոլթոնի սխալը և չհանրայնացնել ուժայինների գործողությունները Մերձավոր Արևելքում այնպես, որ դեմոկրատներին հաջողվի օգտագործել սայթաքումները թե՛ ներկայիս Ներկայացուցիչների Պալատում, թե՛ ավանդաբար պրո–դեմոկրատ համարվող ՊետԴեպում ընդդեմ Հանրապետակնների:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: