Հայերեն   English   Русский  

Զոհրաբ Մնացականյանը ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին


  
դիտումներ: 61

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուղևորափոխադրող Boeing-737 ինքնաթիռը:

IRNA գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն` ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվել են ՀՀ քաղաքացիներ:

Fars գործակալության տվյալներով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր, որ ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: