Հայերեն   English   Русский  

​Պուտինը և Էրդողանը պաշտոնապես գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը


  
դիտումներ: 203

Ռուսատանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվեցին «Թուրքական հոսք» գազամուղի աշխատանքի մեկնարկը: Գործարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում՝ «Հալիչ» կոնգրես կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միջոցառմանը ռուսական կողմից մասնակցել են նաև էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որոնք հանդես են եկել զեկույցներով: Բացի այդ, միջոցառման մասնակիցներին ցույց են տվել նախագծի տեսահոլովակը: Դահլիճում ներկա են եղել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Էրդողանը բեմ է հրավիրել գազամուղի մեկնարկի արարողության բոլոր բարձրաստիճան հյուրերին: Երբ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարները և մյուս պատվավոր հյուրերը հավաքվել են, Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ բոլորի համար անակնկալ է պատրաստվել:

Նա խնդրել է բոլորին մի քայլ առաջ գնալ դեպի բեմում տեղադրված երկու խորհրդանշական խողովակները: Դրանցից մեկի վրա գրված էր ռուսերեն "Турецкий поток", մյուսին՝ թուրքերեն "Türkakim": Մեկնարկի հանդիսավոր արարողության ռեժիսորների մտահղացմամբ՝ բեմից վեր է բարձրացել խողովակի ևս մի հատված անգլերեն "Turkstream" գրությամբ և գազի փականով: Այն միացրել է խողովակի նախորդ երկու հատվածները: Էրդողանը հրավիրել է Պուտինին, Վուչիչին և Բորիսովին միանալ իրեն և խորհրդանշորեն պտտելով փականը՝ ազդարարել նոր գազամուղի աշխատանքի մեկնարկը: Բարձրաստիճան հյուրերը հաճույքով միացել են այդ բեմադրությանը, որից հետո միմյանց ձեռք են սեղմել:

«Թուրքական հոսքը»

«Թուրքական հոսք» նախագիծը գազամուղ է՝ բաղկացած երկու գծից, յուրաքանչյուրը՝ 15,75 մլրդ խմ հզորությամբ: Առաջին գիծը նախատեսված է ռուսական գազը թուրքական սպառողներին մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի սպառողներին: «Գազպրոմը» որպես հնարավոր շուկաներ դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան և Հունգարիան:

Ռուսական գազը «Թուրքական հոսք» գազամուղով հունվարի 1-ից արդեն սկսել է հասնել Բուլղարիա, իսկ հունվարի 5-ից ռուսական գազը Բուլղարիայից «Ստրանջա-2» կոմպրեսորային կայանի միջոցով սկսել են ստանալ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը և Հունաստանը:

«Բուլղարտրանսգազի» և ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերության բանակցությունները Բուլղարիայի տարածքով գազի փոխադրման շուրջ ավարտվել են 2019 թ. վերջին օրերին: Գազի մատակարարման նոր կետից՝ կոմպրեսորային «Ստրանջա -2» կայանից Բուլղարիան ամեն տարի կստանա 2,9 մլրդ խմ գազ: Դրա շնորհիվ Սոֆիան կարող է իր փոխադրական ծախսերը կրճատել մոտ 70 մլն լևով (մոտ 35 մլն դոլար), իսկ գազը կեժանանա 5 տոկոսով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: