Հայերեն   English   Русский  

Հաղորդագրություն ՔԿՀ-ում մահվան դեպքով


  
դիտումներ: 269

2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել,

որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:

Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ: Ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ Կ. Ծաղիկյանի համար 2020 թվականի հունվարի 6-ին քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա): Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի՝ շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադի բժիշկները տեղեկացրել են, որ Կ. Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ: Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Կ. Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկը նորից կհրավիրվի շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ:

Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը, ինչպես նաև նրան տրամադրվել է խորհրդատվություն:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Կ. Ծաղիկյանի եղբայրը կրկին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ նա մահացել է: Դիմումատուն խնդրել է հետամուտ լինել եղբոր մահվան հանգամանքների պարզմանը:

Հունվարի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տրամադրել են պարզաբանումներ այն մասին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Կ. Ծաղիկյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Հաշվի առնելով ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ: Այդպիսի աշխատանքներ տարիներով չեն իրականացվել ինչը նշված է նար Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: Իրավասու պետական մարմինների կողմից նման դեպքերի կանխարգելմանն, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռ մնում են անբավարար:

Քրեակատարողական համակարգում կա բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումները սպառիչ ավարտին հասցնելու կարիք. կարևոր է, որ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց հասանելի լինեն բժշական օգնության և խնամքի պատշաճ ծառայություններ, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ ապահովվում են քաղաքացիական բուժական հիմնարկներում: Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: