Հայերեն   English   Русский  

​«Հարսանիք թիկունքում» ներկայացումը կէկրանավորվի


  
դիտումներ: 1699

«Հարսանիք թիկունքում» ներկայացումը կէկրանավորվի: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկի «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը նոր ձևաչափով կներկայանա:

Առաջին անգամ ներկայացման էկրանավորման փորձ է արվում: Առաջարկը Երևանի փոխքաղաքապետ և դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է: «Վերջապես կարող եմ արձակուրդս օգտագործել նոր ստեղծագործական աշխատանք սկսելու համար: Այսօրվանից մեկնարկում են «Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատրաստական աշխատանքները: 2018-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կլինի բոլոր կինոթատրոնների էկրանին և հասանելի կլինի նաև սփյուռքի մեր հայրենակիցներին»,-գրել է փոխքաղաքապետը:

Երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո):

10.000-ից ավելի հանդիսատես ունեցած ներկայացումն էկրանավորված տարբերակով կներկայան նույն դերասանական կազմով: Աշխատանքները կիրականացնի «Միտոյան» պրոդաքշընը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, էկրանավարման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը:

Ստեղծագործական թիմում են նաև Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը: Բոլոր աշխատանքները սկսվելու և ավարտվելու են հենց Գյումրիում՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Երաժշտությունը գրվել է հատուկ այս ներկայացման համար: Թատերական ներկայացման համար երաժշտություն գրելու կոմպոզիտորի առաջին փորձն էր սա, բայց հանդիսատեսի ընդունելությունն ավելի քան խոսուն էր:

Նույնիսկ Տիգրան Մանսուրյանը երաժշտությունը լսելուց հետո արցունքոտ աչքերով Հայկոյին ասել է՝ շնորհավորում եմ քեզ, տղաս, դու ֆանտաստիկ երաժշտություն ես գրել այս ներկայացման համար:

«Հարսանիք Թիկունքում»-ը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ է բերձրացել 2018 թվականին:

Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որի միջոցով ներկայացվում է այն, ինչ կատարվել է Ապրիլյան պատերազմի թիկունքում: Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի՝ «Ապրիլ և ապրել» պիեսը գրվել է Գյումրու դրամատիկական թատրոնի պատվերով: Ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է,

Թեև քառօրյա պատերազմի հերոսների մասին ներկայացում բեմադրելու գաղափարը ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ու Անուշի սիրո պատմությունը հիմք ունենալով, սակայն բեմադրության հեղինակը մասնավոր այդ դեպքի շրջանակն ավելի է մեծացրել:

Մինչ սահմանագծում պատերազմ էր, իրադրությունից անտեղյակ Գյումրիի՝ ընտանիքներից մեկում հարսանիք էր: Այնտեղ, որտեղ ավարտվում է կյանքը, սկիզբ է առնում մեկ ուրիշ կյանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: