Հայերեն   English   Русский  

​Պեդրո Սանչեսը երդվել է որպես Իսպանիայի կառավարության ղեկավար


  
դիտումներ: 283

Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության (ԻՍԲԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսն երեկ հանդիսավոր երդում տվեց որպես Իսպանիայի կառավարության ղեկավար: Արարողությունը տեղի է ունեցել թագավորական նստավայրում Ֆիլիպ VI թագավորի ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սանչեսը, ձեռքը դնելով սահմանադրության վրա, խոստացավ «կատարել կառավարության նախագահի պարտականությունները» և հավատարիմ մնալ թագավորին ու երկրի հիմնական օրենքին: Սպասվում է, որ եկող շաբաթ ԻՍԲԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի իր կառավարության կազմը:

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) երեքշաբթի, երկրորդ անգամ քվեարկելով, հավանություն տվեց Սանչեսի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Մինչ այդ նա համաձայնության էր հասել ձախ «Միավորվելով մենք կարող են» կոալիցիայի հետ, որով նախատեսվում է այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների ներկայությունը կառավարությունում: Այդպիսով առաջին անգամ ժամանակակից ժողովրդավարական Իսպանիայի պատմության մեջ կձևավորվի կոալիցիոն կառավարություն:

Սանչեսի ընտրվելը վարչապետ վերջ դրեց թագավորությունում ստեղծված և երկար ձգված քաղաքական փակուղուն: Իսպանիայի կառավարությունը մոտ ութ ամիս պաշտոնակատարի կարգավիճակում էր, քանի որ ընտրությունների արդյունքներով կուսակցություններին չէր հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել կառավարություն ձևավորելու հարցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: