Հայերեն   English   Русский  

​Հայաստանն ամենաթանկ պարտքով ծանրացրեց սերունդների բեռը


  
դիտումներ: 1711

Հայաստանը մարտի 19-ին կտրուկ ավելացրեց իր արտաքին պարտքի բեռը 500 մլն դոլարի թանկ վարկով: Դեռ մարտի 10-ին կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր հաստատել եվրոպարտատոմսեր թողարկելու համար անհրաժեշտ որոշումների ու փաստաթղթերի փաթեթը. «Հարցը վերաբերում է եվրապարտատոմսերի թողարկմանը, որը մշտապես դիտարկում ենք որպես պետական բյուջեի ֆինանսավորման աղբյուրներից մեկը»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:

Պարտատոմսերը, ժողովրդական լեզվով ասած, պարտամուրհակներ են, որ թողարկում է որևէ պետություն: Պարտատոմսի համար սահմանված գումարը վճարելով` մարդիկ բորսաներից, արժեթղթերի շուկաներից ձեռք են բերում այդ պարտատոմսերն ու դրանցով նախատեսված ժամկետում հետ ստանում իրենց գումարը տոկոսներով` նախանշված եկամտաբերութամբ: Այսինքն` պետական պարտատոմսերը պետական պարտք են, որը վերցնում է պետությունը: Բայց ի տարբերություն, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Համաշխարհային բանկից վերցվող զարգացման կամ աջակցության վարկերի, որոնք հիմնականում բարենպաստ պայմաններով են տրամադրվում մեր երկրին, պարտատոմսերի դեպքում չկան արտոնյալ պայմաններ, արտոնյալ ժամկետներ, ցածր տոկոսադրույքներ. դրանք շուկայական վարկեր են:

Այսինքն` Հայաստանին փող է պետք, ու մեր գործադիր իշխանությունը նախատեսում է պարտք վերցնել ոչ թե միջազգային կառույցներից, արտոնյալ պայմաններով, այլ շուկայից: Բնականաբար, բոլորիս անունից:

Եվ ուշագրավ է, որ մեր վերցրած պարտքի մասին առաջին անգամ տեղեկացանք արտասահմանյան մամուլից: Սկզբում` մարտի 13-ին, The Wall Street Journal-ը տեղեկացրեց, որ Հայաստանը ծրագրում է ԱՄՆ-ում և Լոնդոնում հանդիպել ներդրողների հետ` թողարկելու դոլարային պարտատոմսերի երկրորդ խմբաքանակը: Երկրորդ խմբաքանակը, քանի որ Հայաստանն առաջին անգամ դոլարային պարտատոմսեր` 700 մլն դոլար ծավալով, թողարկել էր 2013 թ. սեպտեմբերին 7 տարով և 6.25 տոկոսով: Մարտի 19-ին էլ «Ռոյթերս» գործակալությունը տեղեկացրեց, որ Հայաստանն արդեն 500 մլն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել, ավելի պարզ` Հայաստանը եվրոբոնդերի միջոցով կես միլիարդ դոլարի նոր պարտք է վերցրել: Նոր եվրոբոնդերի, այսինքն` այդ նոր պարտքի տոկոսադրույքը կազմել է 7.5 տոկոս, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Սրանից օրեր անց միայն հայրենի կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, հանդես եկավ հաղորդագրությամբ, որով հաստատվում էին «Ռոյթերսի» նշած պայմանները: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբևէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, ավելի թանկ, քան առաջին խմբաքանակը: Սա նշանակում է, որ Հայաստանի եվրոբոնդերն ավելի ռիսկային են դարձել, թեև կառավարությունը պնդում է, որ միջազգային ֆինանսական շուկաներում ներկայումս ձևավորվել է բարենպաստ միջավայր արտարժույթով պարտատոմսերի տեղաբաշխման համար:

Մյուս կողմից էլ հեղինակավոր վարկանիշային գործակալությունները տարեսկզբից իջեցնում են Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը: Moody՚s գործակալությունը, օրինակ, Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը «կայունից» վերաորակավորեց «բացասականի»` տալով «Ba3 բացասական» վարկանիշը, որը երեք աստիճան ցածր է ներդրումային վարկանիշից: Հայաստանում եվրոպարտատոմսերի շրջանառությունը, ինչպես նշել է Aberdeen Asset Management-ի մակրոտնտեսական վերլուծաբան Էնթոնի Սայմոնդը, տուժել է Ռուսաստանի տնտեսական վիճակի պատճառով:

Իսկ ի՞նչ հարց ենք «լուծելու» այդ թանկ պարտքով

պարտք

Տարեսկզբին կառավարությունը հայտարարել էր, որ պարտատոմսերը թողարկում է այս տարվա պետբյուջեի դեֆիցիտը փակելու համար: Սակայն տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հիշեցնում է կառավարության հայտարարությունը, ըստ որի` բյուջեի պակասուրդի մոտ 11 միլիարդ դրամն էր ֆինանսավորվելու արտաքին աղբյուրների հաշվին, իսկ մնացածը պետք է ծածկվեին ներքին միջոցներով: Կառավարությունը առայժմ չի պարզաբանում, թե բյուջեի պակասուրդը լրացնելուց բացի, պարտք վերցրած միլիոնավոր դոլարներն ինչպես է ծախսելու:

«Դրանք առաջնահերթ նպատակ չունեն. պարզ չէ, թե ինչի, որ մի կարևոր ծրագրի համար են օգտագործվելու այդ գումարները»,- ընդգծեց Վիլեն Խաչատրյանն ու հավելեց, որ վտանգավոր է նաև ՀՀ պարտքի ավելացումը: Որովհետև ստացվում է, որ ՀՀ արտաքին պետական պարտքն արդեն 5 մլրդ դոլարի սահմաններում է, ու եթե հաշվի առնենք, որ մեր ՀՆԱ-ն մոտ 10 մլրդ դոլար է, ապա մեր արտաքին պետական պարտքն արդեն ՀՆԱ-ի 50 տոկոսի չափ է: Սա վտանգավոր ցուցանիշ է: Պարտքերի ծավալն արդեն ընդհուպ մոտեցել է այն սահմանին, որից այն կողմ պարտքը սկսում է ոչ թե օգնել, այլ խեղդել: Հիշենք միայն, որ տարիներ առաջ, երբ առաջին անգամ խոսվում էր եվրոբոնդերի մասին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում էր, որ դրանք թանկ փողեր են, մեզ ավելի էժան պարտք տվողներ կան: Վիլեն Խաչատրյանն էլ նշում է, որ Համաշխարհային բանկը (ՀԲ), Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) սովորաբար առավելագույնը 3-4 տոկոսով են վարկեր տալիս. իհարկե, որոշակի ծրագրերի համար:

«Բայց արի ու տես, որ մեր կառավարությունը նախընտրում է 7,5 տոկոսով վարկ վերցնել առանց նպատակի, քան որոշակի հստակ նպատակով ֆինանսավորում ստանալու համար դիմել նրանց: Սա կարող է նաև նշանակել, որ այդ պարտքից գոյացած միջոցները ծախսելու վերահսկողությունն է թույլ, և այդ վարկը կարող է նաև մսխվել»,- ասաց տնտեսագետը:

Ամերիկյան Wall Street Journal-ի տնտեսական մեկնաբանն իր բլոգում գրել է, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանը հետ կգնի երկու տարի առաջ թողարկված պարտատոմսերի մի մասը` 200 մլն դոլար ծավալով: Սա, ըստ էության, հաստատեց նաև մեր ֆինանսների նախարարության հաղորդագրությունը, որում նշվում էր, որ նախկինում Հայաստանի կողմից թողարկված 700 մլն ԱՄն դոլար ծավալով եվրոբոնդերից 199 մլն 928 հազար ԱՄՆ դոլարի չափով ծավալի հետգնում է եղել` պարտքը մարվել է, և այս տարվա մարտի 26-ից հետո մեր եվրապարտատոմսերի առաջին խմբաքանակից շրջանառության մեջ մնացած ծավալը կկազմի 500 մլն 72 հազար ԱՄՆ դոլար: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը սա սխալ մոտեցում է համարում. «Եթե նախկին պարտատոմսի եկամտաբերությունը 6,25 տոկոս էր, իսկ այժմ ներգրավվողը` 7.5 տոկոս, ինչո՞ւ մարել նման պարտատոմսի գումարը: Ավելի լավ չէ՞ր լինի ներգրավել 300 մլն և չմարել այդ պարտատոմսերը 200 մլն-ի շրջանակներում: Եթե նման քայլ են անում, ես դա չեմ հասկանում»:

Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանը նման «տրամաբանական» քայլի է գնում` թանկ պարտքով մարում է էժան պարտքը: Հիշենք` 2013 թվականին էլ, երբ 700 մլն դոլարի պարտատոմսերի տոկոսադրույքը տարեկան 6.25 տոկոս էր, կառավարությունն անսպասելիորեն ժամկետից շուտ մարեց Ռուսաստանից վերցված 500 մլն դոլարի վարկը, որի տոկոսադրույքը, թեև լողացող, բայց անհամեմատ ավելի փոքր էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: