Հայերեն   English   Русский  

Ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով


  
դիտումներ: 605

Հայաստանի պետական ջազ նվագախումբը Հին Նոր տարին կնշանավորի տոնական համերգով: Նվագախումբը հունվարի 12-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ:

Նվագախումբն ինքնատիպ տոնական համերգով է ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց սկզբից դրական ու ջերմ հույզեր հաղորդել ունկնդրին: Տոնական երեկոյին կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի համար:

Երեկոյին, ավանդույթի համաձայն, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև երիտասարդ արտիստներ: Նվագախումբն այդպիսով ճանապարհ է հարթում նաև երիտասարդ տաղանդների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց հանդես գալու մեծ բեմերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: