Հայերեն   English   Русский  

ԻՆՉՊԵՍ 70-ԱՄՅԱ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՐՎԱՃԱՌԸ


  
դիտումներ: 1254

1993 թ.մարտի 27-ին Լեռնային Ղարաբաղի բանակային ստորաբաժանումները սկսեցին Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունները: Մի քանի օր տևած գրոհների արդյունքում, ի վերջո, թուրքաթափ արվեցին հարակից գյուղերը, և արդեն ապրիլի 1-ի երեկոյան մեր ուժերը բարեհաջող ազատագրեցին նաև Քարվաճառը: Իսկ ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցք:

Խնդիրը մեկն էր. ինչպես Լաչինի միջանցքին սպառնացող վտանգը, այնպես էլ Մարտակերտի ուժերի թիկունքը վնասազերծելու նպատակով ոչնչացնել Քարվաճառի ռազմական հենակետերը: Տեղին է հիշել, որ դեռևս 1992 թ. հունիսի 13-ին` Շահումյանի բռնազավթումից հետո, թշնամին ճեղքեց նաև Մարտակերտի սահմանները, ինչի հետևանքով շատ գյուղեր դատարկվեցին:

Պատմական այս տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչները և ուշացումով, բայց հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը: Լավ է ուշ, քան երբեք:

Հակառակորդը քաջ գիտակցում էր, որ Մարտակերտն իրենց համար Ստեփանակերտ, իսկ մեր ուժերի համար Քարվաճառ տանող ճանապարհն է, ուստի այդ ուղղությամբ մեծ ուժեր էր կենտրոնացրել: Իսկ եթե հիշենք, որ Մարտակերտի հարևանը արևելքից Աղդամն էր, արևմուտքից` Քարվաճառը, իսկ հյուսիսից` արդեն բռնազավթված Շահումյանը, ապա շրջանի օրհասական վիճակն ավելի պատկերավոր կդառնա:

Այնուհանդերձ, 1993 թ.փետրվարի առաջին տասնօրյակին ղարաբաղյան ուժերը կոտրեցին թշնամու դիմադրությունը և արդեն փետրվարի 13-ին ազատագրելով Չլդրան-Կիչան գյուղերը` դուրս եկան Մարտակերտ-Քարվաճառ մայրուղու Դրմբոն հատվածը, իսկ արդեն 19-ին` պատմական Խաչենի իշխանանիստ Հաթերք գյուղը:

Զգալով հասունացող վտանգը` ադրբեջանական բանակի հրամանատարությունը հյուսիսարևելյան մարտագծում ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով Քարվաճառում տեղակայված խմբավորումներին առաջադրանք էր տվել թիկունքից հարվածել Մարտակերտի շրջանում տեղակայված ուժերին: Դա ստիպել էր բանակի հրամանատարությանը որոշ ժամանակով հետաձգել «Պուշկին յալ» և «Վիշկին յալ» բարձունքների գրավումը, որտեղ թեժ մարտեր էին ընթանում նաև «Տելեվիշկայի» ուղղությամբ: Մերոնց չէր հաջողվում այն վերցնել, որովհետև թուրքերն այդ ուղղությամբ նետել էին իրենց ռազմական ընտրանին: Դրա համար չէին խնայում ո՛չ արկ, ո՛չ էլ մարդկային ուժ, գիտակցելով, որ այդ բարձունքները կորցնելով` կորցնում են նաև շրջկենտրոնը: Առաջընթաց չկար: Այստեղ էր նաև Ավոն, բայց պատրաստվում էր մեկնել Քարվաճառ` մասնակցելու այդ ուղղությամբ իրականացվող մարտական գործողություններին: Փետրվարի 28-ին լուրեր հասան, որ Ավոն, թեև վիրավորներ ունի, բայց շատ է խորացել դեպի Քարվաճառ:

Գարնանային օրը լցված էր հրանոթների խուլ դղրդյուններով: Ավոն ռացիայով ղեկավարում էր Չարեքտարի գրավումը: Իսկ թուրքերը կատաղի դիմադրում էին: Ճանապարհներն ականապատված էին: Բայց ոչ մի խոչընդոտ չէր կասեցնի Ավոյի առաջխաղացումը: Իսկ երբ ազերիների կապից իմացավ, որ նրանց փամփուշտներն արդեն վերջանում են, հրամայեց. «Հարվածեք և մտածեք միայն առաջ գնալու մասին»:

Ապրիլի 1-ին մերոնք հայտնեցին, որ Քարվաճառը Գանձակին կապող խաչմերուկում են: Վերադասից էլ պատասխանեցին, որ ճանապարհը չփակեն, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանալու, տարածքը թողնելու հնարավորություն ունենա: Ավոն էլ իր հերթին էր բղավում. «Խաղաղ բնակչությանը չխփեք: Մի բարձրախոս տվեք, որ հայտնեմ` իրենց կյանքին վտանգ չի սպառնում, միայն թե թողնեն այս հողը»:

Սրընթաց առաջխաղացումն ակնառու էր, ինչպես որ ակնառու էր թուրքերի բարոյալքումը` թույլ դիմադրությունը: Իսկ մեր տղաների ոգին գագաթնակետին էր հասել, որովհետև քաջ գիտակցում էին, որ ազատագրում են 70 տարի առաջ մեզանից զավթած հողերը, եկեղեցիները, որոնք այդքան ժամանակ անկենդան իրենց գալստյանն էին սպասում: Եվ այդ հանդիպումը, թեև ուշ, բայց կայացավ:

Ընթերցողին հիշեցնեմ, որ երբ Ստալինի և Նարիմանովի ջանքերով 95 տոկոս հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը, հայ բնակչության կամքին հակառակ, Ադրբեջանի կազմ մտցվեց, բողոքի հզոր ալիք բարձրացավ: Արդյունքը եղավ այն, որ Արցախի մի մասը 1923 թ. հուլիսի 7-ին ինքնավար մարզ հռչակվեց, բայց մարզի մեջ չմտցվեցին ո՛չ Շահումյանի շրջանը, ո՛չ էլ Գյուլիստանը: Մարզի կազմում չընդգրկվեցին նաև Արցախի արևմտյան մասը, այժմյան Քարվաճառն ու Քաշաթաղի (Լաչինի) շրջանները:

1993 թ. ապրիլի 1-ի երեկոյան, ի վերջո, խախտվեց տասնամյակների լռությունը, և մեր մարտիկներն արդեն Քարվաճառ մտան: Մտան այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս էր եկել քաղաքից: Թույլ էին տալիս մարդատար մեքենաներով անվտանգ հեռանալ: Բայց հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ համազգեստով փախչող թուրք ասկյարներ: Այո, Քարվաճառը լիովին ազատագրվեց, սակայն մինչև հունիսի 26-ը հետաձգվեց «Պուշկին յալի» ազատագրումը, քանի որ այս տարածքում ոչ մի հրամանատար չէր մնացել: Իսկ հունիսի 27-ին արդեն ազատագրվեց նաև Մարտակերտը:

Այո, բոլորի ուշադրության կենտրոնում Քարվաճառն էր: Այդ հարցը վերջնականապես պիտի լուծվեր, որպեսզի ոչ միայն վերականգնվեր պատմական արդարությունը, այլև արցախցու հանգիստ ու խաղաղ ապրելու իրավունքը: Բայց արի ու տես, որ կարճ ժամանակ անց, ավելի ստույգ` 1993 թ. հունիսի 12-ին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն հանձնելու պարտադրանք պիտի ներկայացներ Ռոբերտ Քոչարյանին: Ահավասիկ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թ. փետրվարի 17-ի անսպասելի գաղտնազերծումից մի երկու դրվագ: 1993-ի հունիսի 12-ին Գորիսում կայացած հանդիպման ժամանակ հանրապետության առաջին նախագահը պարտադրում է հանձնել Քարվաճառը, քանի որ այդ էին պահանջում միջազգային կառույցները, և նախագահն էլ խոստացել էր, որովհետև հավատացած էր` դա է Հայաստանի միակ փրկությունը, հարցի լուծումը: Ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ Քարվաճառը հանձնվեց, ո՛չ էլ Հայաստանը կործանվեց: Փոխարենը հասկացանք, որ Ղարաբաղի հովերով իշխանության եկած նախագահը դավաճանեց իր սկզբունքներին:

Ինչևէ, Մարտակերտով Դադիվանք, այնուհետև Քարվաճառ (հիմա արդեն Շահումյանի շրջան) հասնելու համար պարտադիր պիտի անցնես Զարդախաչ, Չափար, Գետավան, Չարեքտար գյուղերի անբարեկարգ ճանապարհներով, քանի դեռ չի ավարտվել Վարդենիս-Քարվաճառ ավտոմայրուղու շինարարությունը:

Գետավանում անցորդին աչքով է անում բարձունքին թիկնած Հաթերքը, իսկ ձախից` գերված Մռավը: Իսկ ոլորապտույտ ճանապարհի մշտական ուղեկիցը Թարթառն է` երբեմն մեղմ, երբեմն էլ ափերից դուրս եկած:

Ահա Չարեքտարը, որի համար արյունահեղ կռիվներ են եղել, որտեղից միշտ ռմբակոծության են ենթարկվել ներքևում փռված հայկական գյուղերը:

Իսկ այս տարածքի հայկականության մասին աղաղակող, առաջին դարի կնիքն իր վրա կրող Դադիվանքի բերդապարիսպների նմանվող լեռներն ու անտառները յուրօրինակ ձեռագիր ունեն: Սրածայր, բարձր, կտրվածքներով... Ըստ ավանդության` 1-ին դարում քրիստոնեություն տարածելու նպատակով այստեղ է գալիս Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը` Դադին, և նահատակվում է: Հետագայում նրա գերեզմանին կառուցում են վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք:

Արդեն 22 տարի է, ինչ այդ տարածքի ամեն բնակիչ, քար ու թուփ շնչում, ապրում է հայավարի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: