Հայերեն   English   Русский  

​Երրորդ տարածքների տեսությունը


  
դիտումներ: 950

Տարածաշրջանային մակարդակում տարին սկսվեց նոր փուլի նախանշային իրադարձությամբ:

ԱՄՆ-Իրան առճակատման հարաբերություններում գերլարված իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ նախագահի հրահանգով Իրաքում իրանցի զորավարի սպանությամբ:

Այնուհետեւ կատարված հայտարարությունները, մեղադրանքները, կարմիր գծերը հատած հաստատումները, դատապարտանքները մտածել են տալիս մի քանի ուղենշային երեւույթների մասին:

Հակադարձ գործողությունը անպայման պիտի ձեռնարկվեր: Իրաքում ամերիկյան հենակետեր հարվածելու Իրանի պատասխանը անխուսափելի էր: Վաշինգտոնը արդեն խորհրդանշական թիվ հայտարարել էր շարունակական գործողությունների: Թվում էր, որ ուղղակի առճակատման փոխարեն կողմերը ընտրել էին երրորդ տարածքների վրա ռազմական հակամարտությունը շարունակելու կարելիությունը: Այս դեպքում գլխավոր մարտադաշտը Իրաքն է: ԱՄՆ նախագահի ուղերձը որոշակիորեն փոխեց կանխատեսումնային վերլուծաբանության ուղղությունը: Շեշտը դրվում էր տնտեսական պատժամիջոցները շարունակելու վրա․ ռազմական հարվածների սպառնալիքը հայտնաբար փոխարինվել էր ավանդական պայքարի տարբերակով: Սա չի ենթադրում անշուշտ, որ ռազմական ընտրանքը բացառվել է։ Գրոհ-հակագրոհ երեւույթին կարող ենք ականատես լինել՝ միշտ նկատի ունենալով երրորդ տարածքի տեսությունը:

Իրանյան գլխավոր թիրախը Միջին Արեւելքում ռազմական գործողությունների ընդհանուր համակարգողն էր: Այլ խոսքով, իրանյան ազդեցության գոտիներ հիմնական ձեւավորողը, որ շատ անգամ խոչընդոտել էր աշխարհագրական նույն տարածքում ամերիկյան ծրագրերի առաջադրանքների իրականացումը:

Ամերիկյան թիրախները ուրեմն նույն տարածաշրջանում իրանյան ազդեցության գոտիներն են: Այդ գոտիներից է համարվում Լիբանանը, որտեղ Հեզբոլլա կուսակցությունը ընկալվում է իբրեւ իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանումը: Իրանամետ կուսակցությունը փաստորեն հրապարակել է ռազմական նոր առաջադրանք` տարածաշրջանից ամերիկյան ուժերի հեռացումը:

Առաջին հերթին Իրաքից ամերիկյան ուժերի հեռացումը կարող է վերածվել բազմակողմ օրակարգի: Հեռացման որոշումը սակայն ամենայն հավանականությամբ կկայանա ցնցումնային դիպաշարերի հետեւողությամբ:

Բացի լիբանանյան ռազմահարթակից, աշխարհագրական հարեւանությամբ առնչություններ են ստեղծվում նաեւ Հայաստանի հետ: Որքան գերլարվի իրավիճակը այնքան Իրանի սահմանամերձ երկրները հայտնվում են ամերիկյան տեսադաշտում շրջափակման օղակը սեղմելու ուղղությամբ: Պաշտոնական Երեւանի հայտարարությունը ըստ էության փոխլրացուցիչ, հավասարակշիռ քաղաքականության եւ բազմակողմ դիվանագիտության հիմնադրույթները նկատի է առել։ Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ Իրանի արտգործնախարարը ի՛նքը նախաձեռնել է հեռաձայնային հաղորդակցություն հաստատել իր հայ գործըկերոջ հետ:

Վաշինգտոնը հայաստանյան իր դեսպանության ճանապարհով, Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ հաստատելու միջոցին հայտարարել էր, որ հասկանալի է գտնում Իրան-Հայաստան առեւտրական կապերի շարունակումը: Թե՛ Երեւանից եւ թե՛ Ստեփանակերտից հնչած հայտարարությունները անպայման նկատի կունենան մի կողմից սահմանամերձ Իրանի կենսական նշանակություն ունեցող բաց դռան հանգամանքն ու Թեհրանի հավասակաշիռ դիրքորոշումը՝ արցախյան հակարմարտության առումով, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական գլխավոր ուժ Վաշինգտոնի հետ գոյություն ունեցող բազմակողմ հարաբերությունների ԱՄՆ-ի միջնորդ համանախագահ լինելը։

Շահարկումները, հետեւաբար, անընդունելի են: Առավելություններ արձանագրելու համար հայկական առնչություններ շրջանառության մեջ դնելը` իշխանություն-ընդդիմություն պայքարից շատ հեռու, ուղղակի կարող են վնասել պետական շահերին։

Սլաքները պետք է ուղղել մյուս երկու հարեւանների ուղղությամբ: Փորձել նկատել հետագա իրավիճակային այն նեղ պայմանները, որոնց կարող են մատնվել թե՛ Անկարան եւ թե՛ Բաքու՛ն, իրանաամերիկյան հակամարտության հավելյալ թեժացման հանգրվաններին: Երրորդ տարածքներ օգտագործելու իրողությունը կարող է չբացառել ամերիկյան ռազմահենակետեր կամ վերահսկողական կետեր Ադրբեջանում տեղադրելու պահանջը: Բաքուն կարող է հայտնվել այս անգամ ոչ թե միայն Իրանի եւ ԱՄՆ-ի, այլ ԱՄՆ-ի եւ Մոսկվայի աքցանում:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: