Հայերեն   English   Русский  

​Սոցփաթեթի շրջանակներում նոր ծառայություններ են ընդգրկվել


  
դիտումներ: 2435

2012-ից երկրում պետական ծառայողների, ուսուցիչների և բյուջետային աշխատողների համար սոցիալական փաթեթ է ներդրվել, որը նրանց հնարավորություն է տալիս օգտվելու առողջապահական, զբոսաշրջության, հիփոթեքային վարկի մարման և ուսման վարձի վճարման որոշակի ծառայություններից: Այս տարվա հունվարի 1-ից առողջապահական ծառայությունների մատուցման սոցփաթեթում փոփոխութուններ են կատարվել. ընդլայնվել են որոշ ծառայություններ: Որպես կարևոր բաղադրիչ ներդրվել է շահառուների տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը։

Ի՞նչ է այն ենթադրում: Առողջապահական համակարգի ներկայացուցիչները պնդում են, որ յուրաքանչյուր ոք պետք է ամեն տարի ենթարկվի հետազոտության և կանխարգելիչ բժշկական քննության: Եթե հաշվի առնենք, որ տարեկան հազարավոր մարդիկ մահանում են ոչ ինֆեկցիոն հիվանդություններից, ապա կարևոր կհամարենք կանխարգելիչ հետազոտության անցկացումը, ինչը հասարակության որոշ շերտերի համար կդառնա անվճար: Սա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում իրականացվելու է ամբուլատոր-պոլիկլինիկական այն բժշկական հաստատություններում, որտեղ գրանցված է տվյալ շահառուն: Փաթեթում ընդգրկված բոլոր ծառայությունների լիարժեք իրականացումից հետո բժշկական կազմակերպության կողմից պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցած շահառուին կտրամադրվի տեղեկանք:

Այս տարվանից սոցփաթեթի ծառայությունների ցանկում ավելացել է արտահիվանդանոցային պայմաններում կատարվող դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ծառայությունը:

ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի տեղեկացմամբ` սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության փաթեթը ներառում է արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող հետևյալ բժշկական ծառայությունները. ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն, զարկերակային ճնշման չափում, հիպերտոնիայի վաղ հայտնաբերում, կանանց կրծքագեղձերի զննում` քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով, ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության և ակնահատակի զննում, գինեկոլոգիական և ուրոլոգիական խորհրդատվություն` արյան ընդհանուր հետազոտություն, խոլեստերինի որոշում, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) և այլն:

Ծառայության նպատակը ստիպելն է մարդուն՝ հետաքրքրվել սեփական առողջությամբ, այն պարագայում, երբ ախտածին նախանշաններ չկան: Այս փոփոխությունը, ըստ ԱՆ ներկայացուցիչների, կհանգեցնի վարքագծի փոփոխության, և յուրաքանչյուր մարդ, տարին մեկ անգամ հետազոտման ենթարկվելուց հետո միայն կզգա դրա կարևորությունն ու կդարձնի այն սովորություն:

Նշենք, որ եթե նախկինում շահառուները նման հետազոտություններ անցնելու համար պետք է բուժհաստատություն դիմեին, հոսպիտալացվեին, ապա այժմ կարող են այդ նույն ծառայությունները ստանալ արտահիվանդանոցային պայմաններում, պետության փոխհատուցման դիմաց:

Օրացուցային տարվա ընթացքում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) սոցիալական փաթեթի շրջանակում շահառուն միայն մեկ անգամ կարող է անվճար անցնել կանխարգելիչ բժշկական քննություն, իսկ եթե դա տեղի է ունեցել տարվա երկրորդ կեսին, ապա հաջորդ քննությունը նա կարող է անցնել ոչ շուտ, քան վեց ամիս անց:

Նշենք, որ ըստ ևս մեկ այլ փոփոխության` սոցփաթեթի շահառուները հնարավորություն են ստացել սոցփաթեթի տարեկան 72 հազար դրամ գումարը ապահովագրական ընկերությունների միջոցով ուղղելու իրենց կամ իրենց ընտանիքի անդամի համար առողջապահական լրացուցիչ ծառայությունների ձեռքբերմանը:

Սոցիալական փաթեթի մոտ 90 հազար շահառուների հետազոտությունների և բուժման համար 2015 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 3.3 մլրդ դրամ, որից շուրջ 700 մլն-ը տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար է:

Լ.Ն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: