Հայերեն   English   Русский  

Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու անհայտ ծագման հրթիռ է ընկել


  
դիտումներ: 76

Ըստ Daily Mail պարբերականի՝

Իրաքի հյուսիսային Սալահեդդին նահանգում ամերիկյան զորքերի տեղակայման վայրից ոչ հեռու հրթիռ է ընկել:

Դա տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ 22 բալիստիկ հրթիռի արձակումից օրեր անց:

Իրաքի ոստիկանության փոխանցմամբ՝ հրթիռն ընկել է ամերիկյան զորքերի տեղակայման վայրից՝ «Բալադ» ավիաբազայից ոչ հեռու:

Հրթիռի ծագման աղբյուրը դեռևս անհայտ է: Միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել:

Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: