Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի հարցով Կոնգրեսի ընդունած բանաձևը


  
դիտումներ: 207

Սպիտակ տանը քննադատել են այն բանաձևը, որն ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի հետ պատերազմի դեմ, և հիշեցրել են, որ այն օրենքի ուժ չունի: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատ է, երեկ քվեարկեց Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ նախաձեռնելու լիազորությունների սահմանափակման օգտին:

Ինչպես հիշեցնում է «ՌԻԱ նովոստին», ընդունված փաստաթուղթը օրենքի ուժ չունի և վերին պալատում (սենատ) ընդունվելու դեպքում էլ չի ուղարկվելու նախագահին ստորագրության համար:

«Ներկայացուցիչների պալատի այդ բանաձևը փորձում է տապալել ԱՄՆ զինված ուժերի ունակությունը Իրանի և նրա կողմնակիցների ահաբեկչական գործունեությունը կանխելու հարցում, ինչպես նաև փորձում է խափանել նախագահի՝ Ամերիկան և տարածաշրջանում մեր շահերը չդադարող սպառնալիքներից պաշտպանելու լիազորությունները: Կոնգրեսի այդ ձեռնարկումները միանգամայն անտեղի են»,- հայտարարել են Սպիտակ տան մամլո ծառայությունում:

Ըստ սահմանադրության՝ Կոնգրեսն իրավունք ունի թույլատրելու կամ թույլ չտալու նախագահներին պատերազմ վարել, թեպետ դե ֆակտո գործադիր իշխանության ղեկավարը արտասահմանում, առանց Կոնգրեսի նախնական համաձայնության, ռազմական գործողություններ ծավալելու լայն լիազորություններ ունի՝ հիմնավորելով դրանք Կոնգրեսի նախկին թույլտվություններով և ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության օրինականությունը Թրամփի աշխատակազմում բացատրում են այն լիազորություններով, որոնք տրվել են գործադիր իշխանությանը 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո և որոնք հետագայում թույլ են տվել ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ոչնչացումը: Դեմոկրատները նման հղումը արդարացի չեն համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: