Հայերեն   English   Русский  

​Պարզաբանում՝ հասկացված լինելու ակնկալիքով


Արմենուհի Մելքոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 275

2020թ. հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թողարկման մեջ տպագրվել է իմ հոդվածը, որում մասնավորապես ասվում էր,

որ նախորդ տարեվերջին Եվրախորհրդարանի պատգամավորները ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկմանը կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը եւ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ…

Հետո եղավ այն, ինչը ինձ հանգիստ չտվեց մի ամբողջ օր ու գիշեր:
Բացատրեմ պատճառը: Գուցե փոքր-ինչ զգացական գրեմ, բայց կպահպանեմ իմ հիմնական սկզբունքը՝ ընթերցողիս հետ մինչեւ վերջ անկեղծ լինելու:

Ես ուղիղ 20 տարի է, ինչ աշխատում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ զուգահեռաբար 11 տարի էլ խմբագրել եմ «Լուսանցք» հասարակական –քաղաքական շաբաթաթերթը: Եվ այս ամբողջ ընթացքում, առանց չափազանցության, երբեք որեւէ վրիպակ թույլ չեմ տվել:

Բայց վերոհիշյալ իրավիճակը փոխեց ընթացքը: Իմ շատ գործընկերների նման ես էլ մի պահ ընկա ծուղակը՝ չտարբերելով լրատվության աղբյուրի իրական ու կեղծ լինելը: Իհարկե, սա չի արդարացնում ինձ, ես պարտավոր էի դա տարբերել՝ այդքան տարվա փորձառություն ունենալով:

Ինչեւէ, պարզվեց, փորձառություն ունեցողներն էլ արդի աշխարհի «ֆեյքությունից» ապահովագրված չեն:

Ես առաջին հերթին հայցում եմ իմ ընթերցողի ներողամտությունը, երկրորդը՝ իմ թիմի՝ իմ կամքից անկախ նրանց հարվածի տակ դնելու համար:
Ցավոք, այս իրավիճակից օգտվեցին շատ-շատերը․․․ ցավոք, նաև ոմանք, ովքեր գիտեին, որ ես 20 տարի անբասիր աշխատել եմ:

Ես կրկին հայցում եմ ընթերցողիս ներողամտությունը։ Իմ բացթողման պատճառը թերևս գերուրախությունն էր։ Ես պարտավոր էի ճշտել տեղեկության կեղծն ու իրականը:

Բայց, վստահ եմ, կգա այդ օրը եւ կճանաչվեն թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի անօտարելի իրավունքները...

Հարգանքով՝

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող

10.01.2020





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: