Հայերեն   English   Русский  

Փաշինյանը շաբաթը մեկ անգամ «ինչ-որ թշնամու» է գտնում, որ ապացուցի՝ իր ջանքերն ապարդյուն չեն. քաղաքագետ


  
դիտումներ: 191

Այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արմեն Բադալյանն ասաց, որ

հասարակությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելը շարունակվում է: Վարչապետ Փաշինյանը «շաբաթը մեկ անգամ» «ինչ-որ թշնամու» է գտնում, որպեսզի ապացուցի, որ իր ջանքերն ապարդյուն չեն:

Նրա խոսքով՝ ժամանակին նման «թշնամի» էր ՀՀԿ-ն, որին փոխարինեցին այլ ուժեր՝ «սատանան», «սեւ վերնաշապիկավորները» եւ այլն:

«Դա ընդունված պրակտիկա է, երբ դու առաջնորդվում ես ոչ թե կայուն զարգացման ծրագրով, այլ այսօրվա օրով: Քաղաքականության մեջ դա ընդունված է անվանել պոպուլիստական կառավարման միջոց»,- պարզաբանեց Բադալյանը:

Ըստ քաղաքագետ Վիգեն Հակոբյանի՝ Հայաստանի նոր իշխանությունների՝ հասարակությունը «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու քաղաքականությունը վախեցնում է լուրջ ներդրողներին։

Քաղաքագետ կարծիքով՝ կառուցողական քաղաքականությունը ենթադրում է ողջ հասարակության համախմբում։

«Բայց այդ թեմայի վերաբերյալ սովորաբար հնչում են հերթապահ նախադասություններ նոր ղեկավարության կողմից։ Ավելին, 2018, 2019 թվականներին դրանք չեն հնչել, ընդհակառակը, իշխանությունները շարունակել են հասարակությունը բաժանել «սպիտակների» եւ «սեւերի»։ Անկախ այն բանից, թե ինչ թվեր է հնչեցնում Հայաստանի վարչապետը, արդյունքները տնտեսությունում տպավորիչ չեն եղել։ «Սպիտակների» եւ «սեւերի», «սաբոտաժի» մասին խոսակցությունները վանում են ներդրողներին։ Արդյունքում՝ մեծ կապիտալը, ինչպես խոստանում էին մինչ այդ, Հայաստան այդպես էլ չեկավ»,- ասաց Հակոբյանը։

Ինչպես նշեց քաղաքագետը, 2020 թվականի սկզբին իշխանությունները շարունակում են «հեղափոխական» մարտավարությունը։

«Բավական է հիշել խոսակցությունները ֆեյքերի, «կտրված թաթիկների» եւ այլնի մասին։ Առայժմ, իհարկե, անհասկանալի է՝ արդյո՞ք դա իներցիոն գործընթաց է, թե՞ գիտակցված քայլ»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: