Հայերեն   English   Русский  

​Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրությունների օրը կհայտարարվի հունվարի 13-ին


  
դիտումներ: 268

Աբխազիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ և ընդդիմադիր «Ամցխարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիան այսօր հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են տարել գերագույն դատարանի որոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման և նոր ընտրություններ նշանակելու մասին: Նոր ընտրությունների օրը կհայտարարվի հունվարի 13-ին, հաղորդում է Interfax-ը:

Կվիցինիան հայտնել է լրագրողներին, որ ընդդիմության ներկայացուցիչները ստիպված են եղել անձամբ ԿԸՀ հասցնել դատարանի որոշման հիմնավորումների մասը, որպեսզի արագացնեն նոր ընտրությունների նշանակման ընթացակարգը:

ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան իր հերթին նշել է, որ ըստ կանոնակարգի՝ վճռաբեկ կոլեգիայի որոշման հիմնավորումների մասը պետք է ԿԸՀ բերի գերագույն դատարանի բանբերը: Այդուհանդերձ փաստաթուղթը ԿԸՀ-ն ընդունել է և գրանցել:

Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Աբխազիայի գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան անօրինական է ճանաչել ԿԸՀ-ի որոշումը հանրապետությունում աշնանը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռաուլ Խաջիմբայի հաղթանակի մասին: Կոլեգիան նաև չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ուժի մեջ էին մնացել այդ ընտրությունների արդյունքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: