Հայերեն   English   Русский  

Նորայր Փանոսյանին առաջարկել են համագործակցել նախաքննության մարմնի հետ, կոպիտ ասած՝ «ծախել» ընկերոջը՝ Թովմասյանին, զրպարտել նրան և չնստել. Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)


  
դիտումներ: 861

Եթե եղել է, դա հանցագործություն է, այստեղ երկու կարծիք չկա, հետևաբար հանցագործությունը մեկնաբանելը դժվար է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորին հեռացնելու համար:

«Բնական համարել, որ երկրի ղեկավարը կարող է հրահանգներ տալ և փորձել դրա վերաբերյալ ինչ-որ վերլուծություն կատարել, սխալ է, վերլուծություն կարելի է կատարել միայն քրեաիրավական դաշտում: Եթե նման բան կա, ապա դա ական է, որ մի օր կպայթի»,- ասաց նա:

Ըստ Աթանեսյանի՝ իշխանությանը զսպել կարող է միայն հանրությունը: «Եթե այդ լուրը հաստատվի, այստեղ պետք է գործեն այն նույն մեխանիզմները, որոնք գործում էին 2018 թվականին, երբ ներկայիս իշխանավորները բողոքում էին նախկին իշխանություններից: Այլ մեխանիզմներ չկան, որովհետև պետական ապարատը դրված է մի նպատակի ծառայելու»,- ասաց նա և հավելեց, որ չի կասկածում, որ այդ հրահանգը կկատարվի, եթե այն տրված է:

Անդրադառնալով իր վստահորդ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի մեղադրանքի լրացվելուն և կրկին կալանավորմանը, Աթանեսյանը նշեց, որ մեղադրանքը դատարկություն է:

«Պարզապես ծիծաղելի է, որևէ հիմնավորումներ չունեցող: Մեկ անձի անհեթեթ իրարամերժ, կցկտուր ցուցմունքի վրա կառուցված մեղադրանք է: Խոսքը նոտարական պալատին վերաբերող դրվագի մասին է, նախորդ դրվագներից մեկին, որ մնացել էր մեղադրանքում, դրանք ծիծաղելի են, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը ունի որոշում, որ այդտեղ հիմնավոր կասկած չկա, հիմնավոր կասկած չկա նաև մյուսով: Այնպես չէ, որ ես լավ իրավաբան եմ, իսկ օրինակ՝ դատախազությունում կամ հատուկ քննչական ծառայությունում վատ իրավաբաններ են. այսինքն՝ նրանք հասկանալով են դա անում, իսկ հասկանալով նման բաներ տեղի են ունենում, երբ որ առկա է պատվեր կամ հրահանգ, ցավոք սրտի, դատարանն էլ վերջում իր կնիքով հաստատեց այս խայտառակությունը, և Նորայրը նորից կալանավորված է»,- ընդգծեց նա:

Աթանեսյանը հավելեց՝ սա այն գործը չէ, որ կարող է այս տեսքով գնալ դատարան ըստ էության քննվելու: «Ես համոզված եմ, որ Նորայրը տուժում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի ընկերն ու սանիկն է: Հիմա եթե առաջին ատյանի դատարանը մերժեր կալանավորումը և հիմք ընդուներ մեր պատճառաբանությունները, ապա կստացվեր, որ Հրայր Թովմասյանին առաջադրած մեղադրանքն էլ է փուչիկ: Դատավոր Գագիկ Պողոսյանի դեպքում անհնարին է, որ նման հետևանք լիներ»,- նշեց նա և ընդգծեց՝ բնականաբար, պետք է լիներ կալանավորում, որ Հրայր Թովմասյանին էլ հետո կարողանան կալանավորել:

«Այսինքն՝ սա մի խաղ է, որի արդյուքնում մարդու իրավունք, Սահմանդրություն և նման բաներ մղվել են հետին պլան և ոտնահարվում են բացահայտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, չկա վիճաբանելու, քննարկելու որևէ բան, սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ավելին ասեմ՝ Նորայրին ուղղակի առաջարկություն է եղել՝համագործակցել նախաքննության մարմնի հետ. կոպիտ ասած՝ «ծախել», զրպարտել իր ընկերոջը և չնստել: Պատասխանը եղավ այն, որ պատիվն ավելի բարձր էր, քան մի քանի ամիս էլ ազատազրկման վայրում, կալանավայրում գտնվելը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: