Հայերեն   English   Русский  

Մենք պնդում ենք, որ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է.Սաթիկ Սեյրանյան


  
դիտումներ: 535

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք էլ պնդում ենք, որ 168.am-ի հրապարակած՝

ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներից երկուսի մասին ոստիկանությունում դոսյեներ հավաքելու տեղեկությանն ու ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանի հերքումներին:

Դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքել է նաև վարչապետի մոտ ՍԴ դատավորների թեմայով երեկ գաղտնի ժողովի մասին լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը՝ Սեյրանյանն արձագանքել է. «Ինչպես տեղեկացրել ենք՝ հանդիպումը եղել է փակ և գաղտնի։ Իսկ փակ և գաղտնի հանդիպումները, որպես կանոն, փորձում են պահել փակ և գաղտնի։ Եվ, բնականաբար, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը պիտի հերքեր։ Լրատվամիջոցի դերը հանրությանը իրազեկելն է, ինչը և արել ենք, իսկ հրապարակմանն արձագանքելն էլ համապատասխան մարմնի գործառույթն է»։

Հիշեցնենք, որ 168.am-ն այսօր գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու կոշտ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում հերքել էր լուրը՝ ասելով, որ ոստիկանության 7-րդ վարչությունը հրապարակման մեջ նշված գործողությունները չի իրականացնում:

Կայքը նշում է, որ իրավապահ համակարգում 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

«Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը նախկինում այդ դատավորների ունեցած արտամուսնական կապերի մասին 7-րդ վարչության ձեռք բերած որոշակի տվյալների մասին է, որոնցով այժմ ուժային կառույցները փորձելու են շանտաժի ենթարկել նրանց՝ սպառնալով, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում հրաժարական չներկայացնեն, ապա դոսյեներում եղած տվյալները կուղարկվեն նրանց ընտանիքներին և կհայտնվեն համացանցում»,-գրել է կայքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: