Հայերեն   English   Русский  

​Իրավաբանական ռապսոդիա-կապելլա


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 515

Ուրբաթ օրը որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված գաղտնի ժողովի մասին,

որի ընթացքում վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից ազատվելու մասին։

Հավատա՞լ այդ լուրին, թե՞ չհավատալ։

Հաշվի առնելով երկրի քաղաքական ղեկավարության կողմից բացիեբաց ձևակերպված քաղաքական նպատակը՝ ամեն գնով ձերբազատվելու ՍԴ ներկայիս կազմից, լուրը ավելի շուտ ճիշտ, քան սխալ է թվում։

Մյուս կողմից, քանի որ ենթադրյալ հանձնարարությունը իրենից փաստացի ներկայացնում է ծանր հանցագործություն, կարելի է փաստարկել, որ լուրը ավելի շուտ սխալ է, քան ճիշտ։

Բայց «հանցանքի չէին գնա» փաստարկը այնքան էլ չի աշխատում, որովհետև հանրային տիրույթում բազմաթիվ են դեպքերը, երբ բարձր որակավորում ունեցող իրավաբանների կողմից մանրակրկիտ հիմնավորվում է ենթադրյալ խորհրակցության շատ մասնակիցների այս կամ այն արարքներում հանցակազմի առկայությունը, և հաճախ դրանք ծանր հանցագործություններ են։

Մի խոսքով, ինքնուրույն դատողության ցանկություն, համարձակություն և նվազագույն ունակություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է ինքը որոշել՝ հավատալ, թե չհավատալ լուրին։

Եվ ահա շաբաթ օրը ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը՝ հարգելի Գոռ Աբրահամյանը, ծավալուն գրառմամբ անդրադարձել է նշված լուրին և շատ ուշագրավ հայտարարություններ կատարել։

Առաջին ուշագրավ հայտարարությունն այն է, որ ըստ էության հերքվում է ոչ միայն գլխավոր դատախազի՛ մասնակցությունը նման ենթադրյալ ժողովին (ինչը բնական կլիներ), այլ ԺՈՂՈՎԻ ՓԱՍՏՆ ԻՆՔՆԻՆ։ Հարց։ Ի՞նչ գիտեք։ Բա որ պարզվի՝ ժողով իսկապես եղել է, սակայն առանց գլխավոր դատախազի մասնակցության, կարողանալու՞ է ՀՀ դատախազությունը պատշաճորեն կատարել իր դատավարական գործառույթը հարուցվելիք քրեական գործի շրջանակներում։ Ինչպե՞ս է կարողանալու, եթե «էս գլխից» ժողովի փաստը հերքում եք։ Սա՝ մեկ։

Երկրորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում է «պաշտոնական աղբյուրների միջոցով» լուրը ստուգելու հորդորին՝ ուղղված լրատվամիջոցներին։ Արդյո՞ք խելամիտ է կարծել, որ որևէ «պաշտոնական աղբյուր» վարվելու է այլ կերպ, քան լուրը հերքելը։ Հո չե՞ն ասելու՝ «այո, եղել է, մենք էլ ըստ էության հանցանք ենք գործել»։ Ուրեմն որևէ նշույլ կավելանա՞ կամ կպակասի՞ լուրի արժանահավատության մեջ։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է։

Հիմա, այս ամենի լույսի ներքո, վերջին հարցը։ Թովմասյանի սանիկի՝ կրկնակալանավորված Փանոսյանի պաշտպանը այսօր շատ լուրջ հայտարարություն է կատարել այն մասին, որ նախաքննության մարմինը Փանոսյանին ըստ էության առաջարկել է սուտ ցուցմունք տալ Թովմասյանի դեմ՝ կալանքից ազատվելու դիմաց։ Հիմա, այսօրվա «տոտալ հերքման մասին» հայտարարությունից հետո Դատախազությունը ունակ լինելու՞ է ՍԴ-ի հետ կապված որևէ ենթադրյալ հանցավոր արարքի կապակցությամբ իր պաշտոնական գործառույթն իրականացնել անկողմնակալ և օբյեկտիվ։ Որևէ մեկը հավատու՞մ է դրան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: