Հայերեն   English   Русский  

Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի.Վանեցյան


  
դիտումներ: 480

Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով armtimes.am-ում հրապարակված հոդվածին այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը, որ իրականացնում են մի քանի կոնկրետ լրատվամիջոցներ, համակարգվում եւ ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մի զանգեք ինձ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված անհեթեթ հոդվածը մեկնաբանելու խնդրանքով:

Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:

Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական:

Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար:

Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները:

Պատիվ ունեմ:

Հ.Գ. Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ»,-գրել է Վանեցյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ի էլեկտրոնային կայքում հրապարակված հոդվածին, գրառում էր կատարելով․ «Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում։
Վանեցյանի կնոջ հետ էլ էինք շատ մտերմացել, երեկոներին հաճախ էինք հանդիպում և սուրճ խմում, թե մեր տանը թե իրենց:
Հաճախ ընտանիքի ամբողջական կազմով էինք անցկացնում մեր երեկոները:
Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները:
Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր:
Բայց ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ:
Պարզվում է, որ մեր ընտանիքի դեմ մղված մեդիա արշավների և սուտ լուրերի համակարգողը հենց Վանեցյանն է: Սա է դավադրությունը: Ու նույնիսկ կա ավելի մեծ դավադրության հավանականություն. հնարավոր է, որ նա համակարգել է սուտ լուրերի ստեղծման և տարածման աշխատանքները հենց ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: