Հայերեն   English   Русский  

Քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերություններին խորհուրդ է տալիս շրջանցել Իրաքի և Իրանի օդային տարածքները


  
դիտումներ: 123

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ է տալիս դիտարկել Իրանի և Իրաքի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների, Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների, Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին հաշվի առնել Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի խորհուրդը և դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: