Հայերեն   English   Русский  

Զանգվածային ցույցերի արդյունքում Արգենտինայում չեղարկվեցին հանքերին առնչվող օրենքի փոփոխությունները. ՀԲՃ


  
դիտումներ: 119

Մենդոզա նահանգն Արգենտինայի ամենահայտնի գինեգործական տարածաշրջանն է, որտեղ արտադրվում է արգենտինական գինու մոտ 70%-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը:

Մենդոզա նահանգն Արգենտինայի ամենահայտնի գինեգործական տարածաշրջանն է, որտեղ արտադրվում է արգենտինական գինու մոտ 70%-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Գինեգործության ու խաղողագործության շնորհիվ Մենդոզան նաեւ սիրված տուրիստական ուղղություն է դարձել եւ ստացել է «Արգենտինայի գինու ճանապարհ» անունը (դո՞ւք էլ զգացիք նմանությունը մեր Վայոց ձորի եւ Արենիի հետ):

2007թ-ին Մենդոզայի փողոցներում, հանրային պահանջի արդյունքում ծնվեց այսպես կոչված 7722 օրենքը, որը հայտնի է նաեւ որպես ջրի պաշտպանության օրենք եւ արգելում է վտանգավոր եւ թունավոր քիմիական նյութերի օգտագործումը հանքերի շահագործման ժամանակ: Այս օրենքի շնորհիվ է, որ Մենդոզան պաշտպանված է եղել հսկայածավալ ջրային պաշարներ աղտոտող հանքահանումից: Մենդոզայի նահանգի կլիման կիսաչորային է, իսկ ջրի հիմնական աղբյուրը Անդերի լեռների սառցադաշտերն են, որոնք արդեն իսկ տարեցտարի կրճատվում են մարդածին կլիմայական ճգնաժամի հետեւանքով:

Սակայն 2019թ-ի դեկտեմբերին Մենդոզայի նահանգապետ Ռոդոլֆո Սուարեսն անսպասելիորեն նախաձեռնեց եւ անցկացրեց 7722 օրենքի փոփոխությունը՝ 9209 օրենքը, որը վերացնում էր հանքերի շահագործման ընթացքում ծծմբական թթվի, ցիանիդի եւ այլ թունավոր քիմիական միացությունների օգտագործման արգելքը: Իսկ դեկտեմբերի 22-ին նա հայտարարեց, որ 19 հայտ է ստացել ուրանի, պղնձի, ցինկի, ոսկու, արծաթի եւ երկաթի արդյունահանման նախագծերի վերաբերյալ:

Նույն օրը Մենդոզա նահանգի բնակավայրերի փողոցները լցվեցին տասնյակ հազարավոր բնակիչների բողոքի ցույցերով: Որոշ տեղերում նույնիսկ փակվեցին Արգենտինան Չիլիի հետ կապող միջպետական ճանապարհները: Օրենքի փոփոխության հետ անհամաձայնության հայտարարություններ հրապարակեցին նաեւ Սանչեսի կուսակցական գործընկերներից մի քանիսը: Եվ չնայած այս ամենին՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցան ոստիկանական բռնություններ, իսկ Սանչեսի խոսնակը հայտարարեց, որ անկախ ցույցերից նահանգապետը ստորագրելու եւ հաստատելու է փոփոխված օրենքը:

Այնուամենայնիվ, մեկ շաբաթ շարունակվող զանգվածային խաղաղ գործողությունների արդյունքում՝ արդեն դեկտեմբերի 26-ին, Սանչեսը հայտարարեց, որ երկուշաբթի օրը դիմելու է նահանգային խորհրդարանին՝ 9209 օրենքը վերացնելու առաջարկությամբ, եւ որ հանքային օրենսդրության մեջ ոչ մի փոփոխություն չեն անի առանց հանրային փոխհամաձայնության:

Մաքուր հողի, օդի ու ջրի համար պայքարներ են տարվում ամբողջ աշխարհում, այն տեղերում, որտեղ խոշոր բիզնեսը փորձում է ավելի ու ավելի մեծ շահույթներ դիզել՝ ի հաշիվ մարդկանց եւ բնական միջավայրի կենսական կարիքների: Շատ են նմանություններն Արգենտինայի Մենդոզա նահանգի եւ Հայաստանի Վայոց ձորի մարզի միջեւ, որը նույնպես գինեգործության օրրան է եւ զբոսաշրջության կարեւոր ուղղություն: Այստեղ էլ հազարավոր մարդիկ Ջերմուկ, Արենի, Գլաձոր, Եղեգնաձոր, Մալիշկա, մասամբ նաեւ Վայք եւ Եղեգիս համայնքներում իրենց դեմ դիրքորոշումն են արտահայտել մետաղական հանքերին՝ ոմանք հանրագրերի, ոմանք էլ ցույցերի եւ Ամուլսարում լեռան ճանապարհները փակելու միջոցով: Այստեղ էլ կենտրոնական եւ մարզային կառավարությունները տարբեր ճնշումների են դիմում հանրային դիմադրությունը կոտրելու համար, օրինակ դատական կարգով փորձելով վերացնել մետաղական հանքերն արգելելու մասին ավագանիների կայացրած որոշումները, որոնք հիմնված են հազարավոր մարդկանց ստորագրած հանրագրերի վրա:

Օրեցօր ավելի ու ավելի խորացող կլիմայական ճգնաժամը, դրանից բխող բնական աղետները, ջրի ու սննդի աղետալի սակավությունը գոնե ինչ-որ չափով մեղմելու համար մենք պարտավոր ենք ալիքներ բարձրացնել ամեն կետում, որտեղ կյանքի համար անհրաժեշտ օդը, հողը, ջուրը փորձում են ստորադասել փողին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: