Հայերեն   English   Русский  

​Լավրովը՝ Լիբիայի կարգավորման մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին


  
դիտումներ: 287

Լիբիայի հակամարտության մի քանի կողմեր եզրափակիչ փաստաթուղթ են ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ավարտին, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Համաձայնագրի նախագծում, որը «ՌԻԱ նովոստիի» ձեռքին է, ասվում է, որ կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծ կայուն հրադադարի համար, ինչպես նաև աշխատել երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ:

Փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի կառավարության ազգային համաձայնության ղեկավար Ֆայեզ Սարաջն ու պետական բարձրագույն խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին: Լավրովի խոսքով՝ մարշալ Հաֆթարն ու Թոբրուկի պատգամավորների պալատի ղեկավար Աքիլ Սալեհը կարող են ստորագրել երեքշաբթի:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ մարշալ Հաֆթարը կստորագրի համաձայնագիրը և հնարավոր կլինի վերադառնալ քաղաքական կարգավորման ՄԱԿ-ի շրջանակներին:

Մինչ այս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Լիբիայի հարցով միասնական դիրքորոշում էին համաձայնեցրել և բոլոր կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերին ու անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն Խալիֆ Հաֆթարն ասել է, որ թեպետ ողջունում է այդ նախաձեռնությունը, շարունակելու է Տրիպոլիի վրա հարձակումը, որ սկսել է անցած տարվա ապրիլից: Իր հերթին Լիբիայի ազգային միասնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջն անցած շաբաթ օրը Իտալիա այցի ժամանակ հայտարարել է, որ ողջունում է հրադադարի նախաձեռնությունը, սակայն Լիբիայի ազգային բանակի ստորաբաժանումների հեռացման պայմանով:

2011 թ. Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն մասնատվեց և գոյություն չունի որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում կառավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆ Հավթարի ազգային բանակի հետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: