Բուկինգհեմի պալատը հայտարարություն է արել արքայազն Հարրիի ապագայի վերաբերյալ
Ինչպես նշված է թագուհու հայտարարության մեջ, և՛ ինքը, և՛ ընտանիքը պաշտպանում են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ իրենց կյանքն ինքնուրույն դասավորելու որոշումը, թեպետ կնախընտրեին, որ նրանք մնային պալատում և կատարեին իրենց պարտականությունները:
Միաժամանակ հայտարարությունում ասվում է, որ Սասսեքսի դուքսը և դքսուհին հասկացրել են, որ մտադիր չեն կախված լինել պետական ֆինանսավորումից: Ինչպես ակնկալվում է, առաջիկայում անցումային շրջան է սպասվում, երբ արքայազնը և նրա կինն իրենց ժամանակը կիսելու են Մեծ Բրիտանիայի և Կանադայի միջև:
Թագուհին ընդգծում է նաև, որ մնում են որոշ չլուծված հարցեր, և ինքը հանձնարարել է վերջնական որոշում կայացնել առաջիկա օրերին:
Հունվարի 13-ին Սանդրինգհեմի պալատում տեղի է ունեցել հանդիպում արքայազն Հարրիի ապագայի կապակցվությամբ, որին մասնակցել են Եղիսաբեթ II-ը, արքայազն Չառլզը, նրա որդիներ արաքայազն Ուիլյամը և արքայազն Հարրին, իսկ վերջինիս տիկինը՝ Մեգան Մարքլը, որն այժմ գտնվում է Կանադայում, զրույցին պետք է միանար հեռախոսով:
Մինչ այդ Սասսեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ նախատեսում են ապրել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում, նաև ինքնուրույն են վաստակելու իրենց ապրուստը:
Բրիտանական ԶԼՄ-ները, որոնք վերլուծում են տվյալ իրավիճակը, գրում են, որ ամենից բարդը լինելու է ֆինանսական հարցը: Լրագրողները նշում են, որ ամուսինների՝ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրությունն անխուսափելիորեն հարկային բնույթի հարցեր է առաջացնելու: Բացի այդ, հաղորդվում է, որ Բուկինգհեմի պալատը, ամենայն հավանականությամբ, կցանկանա համաձայնագիր ստորագրել, որպեսզի թույլ չտա արքայազն Հարրիին և նրա կնոջը շահարկել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակը: ԶԼՄ-ներն արդեն քննարկում են այն հանգամանքը, որ Սասսեքսի դուքսն ու դքսուհին մի քանի ամիս առաջ գրանցել են Sussex Royal ապրանքանիշը: