Հայերեն   English   Русский  

​Ինքնաթիռից վառելիք է թափվել չորս տարրական դպրոցների վրա


  
դիտումներ: 229

Delta Air Lines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից անձնակազմը վառելիք է թափել Լոս Անջելեսին մերձակա Կադահի բնակավայրում (Կալիֆոռնիայի նահանգ), որի հետևանքով 44 տուժած կա: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոս Անջելեսի հրշեջ ծառայությանը:

Հրշեջ ծառայությունն իր թվիթերում գրում է, որ վառելիքը թափվել է չորս տարրական դպրոցների տարածքում: Տուժածների ընդհանուր թիվը հասնում է 44-ի, ներառյալ՝ 20 երեխա: Հրշեջները մեջբերում են Associated Press-ի լրագրող Սթեֆանի Դազիոյի հաղորդագրությունն այն մասին, որ տուժածների իրական թիվը 56 է: Բոլոր տոժածները հրաժարվել են հոսպիտալացումից և առաջին բուժօգնությունից հետո տուն են գնացել:

Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Դաշնային ավիացիայի վարչությունը, տարվում է միջադեպի մանրազնին հետաքննություն: Առայժմ հայտնի է, որ Լոս Անջելեսից Շանհայ թռչող ինքնաթիռի անձնակազմը Լոս Անջելեսի օդանավակայանից թռչելուց հետո տագնապի ահազանգ է հնչեցրել, ինքնաթիռը վերադարձել է թռիչքի կետը և անվնաս վայրէջք կատարել:

«Գոյությույն ունեն ԱՄՆ-ի յուրաքանչյուր օդանավակայանից թռչող ինքնաթիռներից վառելիք թափելու հատուկ կանոններ: Դրանք նախատեսում են վառելիք թափել նախապես հատկացված գոտիներում, սովորաբար՝ մեծ բարձրության վրա, որպեսզի վառելիքը տարրալուծվի մինչև հողին հասնելը»,- բացատրել է Դաշնային ավիացիայի վարչությունը:

Delta Air Lines ընկերությունը անձնակազմի գործողությունները արդարացրել է ծագած արտակարգ իրավիճակով, որը պահանջել է ազատվել վառելիքից մինչև ինքնաթիռի վայրէջք կատարելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: