Հայերեն   English   Русский  

Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 93

Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսին:

Ստորև ներկայացնում ենք Մարուքյանի մի քանի դիտարկումները.

«1. Ինչպես նշեց նախարարը՝ Moody's եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշը վերագնահատվել է՝ բարելավվելով մեկ աստիճանով: Բնականաբար, սա դրական միտում է, սակայն պետք է նշեմ, որ նախարարը, զուգահեռներ տանելով Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, մոռացավ նշել, որ այս վարկանիշներով մենք հետ ենք նշված երկու հարեւաններից էլ:

2. Պետք է փաստել նաեւ, որ օտարերկրյա ներդրողին հետաքրքրում է նաեւ բիզնես հիմնելու եւ վարելու դյուրինությունն ու գրավչությունը։ Իսկ ինչպես վկայում է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business վարկանիշը՝ Հայաստանը 2019 թվականին հետընթաց է ունեցել նախորդ տարվա համեմատ վեց նիշով եւ զբաղեցնում է 47-րդ տեղը՝ աշխարհի 190 երկրների շարքում։ Եթե համեմատենք Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ, ապա Ղազախստանը բարձրացել է 28-ից 25-րդ տեղ, Ռուսաստանը՝ 31-ից 28։ Հարեւան երկրների դիրքերը հետեւյալն են՝ Վրաստան՝ 7, Թուրքիա՝ 33, Ադրբեջան՝ 34։

3. Նախարարը մեր երկրի ներդրումային օրեսդրությունը ներկայացնում է որպես միջազգային լավագույն չափանիշներին համահունչ, այն դեպքում, երբ մեր «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը ընդունվել է 1994 թվականին եւ վաղուց արդեն չի համապատասխանում թե՛ միջազգային չափանիշներին եւ թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման հրամայականներին։

4. Ասեմ ավելին, Վրաստանը այսօր առաջարկում է ներդրողներին շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ ԱԱՀ-ի, շահութահարկի եւ եկամտահարկի դրույքաչափերի առումով, շատ ավելի լավ ենթակառուցվածքներ, կառուցում է տեխնոլոգիական համալսարան Քութաիսիում 60 հազար ուսանողի համար:

5. Նախարարը մոռացավ նշել, որ 2019թ. ինն ամիսների արդյունքներով՝ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը ավելի նվազ է, քան 2018 եւ 2019 թվականների նույն ժամանակահատվածներում:

6. Կարելի է դեռ երկար թվարկել այն ամենը, ինչ Էկոնոմիկայի նախարարը մոռացավ թվարկել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: