Հայերեն   English   Русский  

ԼՀԿ-ն առաջարկում է երրորդ երկրներից օգտագործված ավտոմեքենա ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը նվազեցնել


  
դիտումներ: 69

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից օգտագործված ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը փոփոխել՝ ըստ մաշվածության սահմանելով 5 և 10 տոկոս դրույքաչափեր:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

«Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող 3-5 տարեկան ավտոմեքենաների համար ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն սահմանել 10 տոկոսի չափով, իսկ 5-10 տարեկան ավտոմեքենաների համար ԱԱՀ-ն հաշվարկել 5 տոկոսի դրույքաչափով: Հիմնական գաղափարը գինը ցածր պահելն է, որ ներկրողները, որոնք հետագայում վերարտահանում են, կարողանան շուկան պահել»,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ կառավարության դիրքորոշումը բացասական է՝ հավելելով, որ չունեն ԱԱՀ-ի տարբերակված՝ տվյալ դեպքում նվազեցված դրույքաչափեր կիրառելու պրակտիկա: «ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի կիրառության շահառուն, այսինքն՝ օգուտներ ակնկալողը պետք է լինի սպառողը, մինչդեռ նախագծով առաջարկվող լուծումների պարագայում շահառուն ոչ թե սպառողն է, այլ տնտեսավարող սուբյեկտը, որը պետք է զբաղվի ավտոմեքենաների առք ու վաճառքով»,-ասաց Պողոսյանը:

Նա ներկայացրեց նաև մի քանի այլ նկատառում՝ մասնավորապես նշելով, որ ընդունելով նախագիծը՝ կխախտեն միջազգային հարթակներում, հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, որովհետև կստացվի, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվում, քան միության անդամ այլ պետություններից կատարվող ներմուծումների պարագայում:

Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ բացասական եզրակացություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: