Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանն ազատվեց կալանքից. նրա կյանքին վտանգ է սպառնում


  
դիտումներ: 380

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ Վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները չեն բացառում, որ նրա մոտ սրտի կանգ տեղի կունենա։

ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ավելի քան 1.5 տարի առաջ կիրառված կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

Խափանման միջոցի փոփոխության միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը` հանդես գալով այդ հարցով արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։

Արդեն դատական նիստում այդ միջնորդությանը միացան նաև Գրիգորյանի պաշտպանները։

Մեղադրող դատախազը հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակի վատթարացման մասին դատախազությունը «Նաիրի» ԲԿ-ից այսօր գրություն է ստացել, որտեղ մասնավորապես ասված է, որ Գրիգորյանը տառապում է աջ թոքի քաղցկեղով, շաքարային դիաբետի մի շարք բարդացումներով ու այլ ուղեկցող հիվանդություններով։

Իսկ հունվարի 14-ին նրա մոտ տեղի է ունեցել սրտի ռիթմի խանգարում, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ այժմ գտնվում է։ Վիճակը գնահատվել է ծանր։

Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: