Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. ինչո՞ւ փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը


  
դիտումներ: 122

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը' Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը: Այս առերեւույթ սովորական դատավարական գործողությունը միգուցե այդպես էլ մնար սովորականության նույն տիրույթում, եթե չունենար անսովոր նախապատմություն:

Մի կողմ թողնենք, թե իշխանական մեղադրամեքենան որքանով էր ճիշտ կամ հիմնավորված ներկայացնում Մանվել Գրիգորյանի մեղադրանքի համար հիմք ծառայած գործողությունների ծանրությունը, նախկինում նրա կողմից գործած առերեւույթ կոռուպցիոն քայլերը, որքանով էր հիմնազուրկ կամ հակառակը, այսպես ասած, «տուշոնկայի» եւ դպրոցականների՝ Ապրիլյան պատերազմի զինվորներին գրված նամակների հորինված կամ իրական լինելը, որքանով նոր իշխանությունները հայտնի տեսանյութի միջոցով կարողացան հասարակությունից էմոցիաներ կորզել եւ մանիպուլյացնել հեղափոխություն֊իշխանափոխության ճանապարհին, դա ցույց կտա ժամանակը:

Այն, որ Մանվել Գրիգորյանը սուրբ չէ, հայտնի է բոլորին, ինչպես եւ հայտնի է, որ որեւէ երկրի պատերազմով անցած որեւէ գեներալ չի կարող անբիծ կենսագրություն ունենալ: Ցանկացած պատերազմ ունի իր կեղտերը եւ արատները, հերոսներն ու հակահերոսները, բայց եւ փաստ է, որ նաեւ որեւէ իշխանություն սուրբ չէ եւ նույնպես ունի իր արատները եւ կեղտերը:

Նույն դատավորի կողմից նույն առողջական վիճակի վերաբերյալ Գրիգորյանի փաստաբանների կողմից ներկայացված մեկ տասնյակից ավելի միջնորդությունները որեւէ անգամ չեն բավարարվել: Բայց արի ու տես, որ նույն դատավորը, նույն հիմքով եւ կարծես թե կրկնվող բովանդակությամբ այսօրվա միջնորդությունը բավարարեց հաշված ժամերի ընթացքում:

Ինչո՞ւ, որովհետեւ միջնորդությունը ներկայացնում էր դատախազությո՞ւնը, թե՞ Գրիգորյանի մեղավորության կանխավարկածն անսասան պահելու համար ականջահաճո է անպայման մեղադրող կողմի միջնորդության բավարարման փաստը...

Անկախ ամեն ինչից, Մանվել Գրիգորյանի անձի շուրջ աղմկահարույց մեղադրանքներից յուրաքանչյուրը շարունակում է մնալ չապացուցված, իսկ թե ինչ փոխվեց միջնորդության տեքստի հիմնավորվածության մեջ՝ դարձյալ ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: