Հայերեն   English   Русский  

«Ընդունում եմ մարտահրավերը». Նարեկ Մալյանը քննչական կոմիտե էր եկել տորթով, շամպայնով եւ սալյուտներով


  
դիտումներ: 88

ՎԵՏՕ շարժման համակարգող Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա այսօր իր ընկերների հետ տորթով ու սալյուտով այցելել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Մինչ այդ նա Facebook-ի իր էջում գրել էր. «2 նորություն ունեմ.

1-ին. ես չեմ պատրաստվում լռել եւ երբեք չեմ հանձնվելու մինչեւ ինձ որեւէ հոդվածով չբանտարկեն:

2-րդ. քանի որ սա իմ 100-րդ` հոբելյանական այցելությունն է իրավապահ համակարգ, այդ առիթով, ինչպես եւ խոստացել էի, ես եւ իմ ընկերները կազմակերպում ենք տոնախմբություն:

Սիրելի ընկերներ եւ անաչառ ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրով հրավիրում եմ բոլորին Արաբկիրի քննչական բաժնի մուտքի մոտ՝ միասին նշելու իմ 100-րդ հոբելյանական այցելությունը իրավապահներին:

Ծրագրում՝ տորթ, շամպայն, փուչիկներ, գմփիկներ, երգեր, պարեր, իհարկե, բարձր տրամադրություն եւ ծաղկեփունջ իմ նոր քննիչին»։

Արդեն քննչական բաժնի մոտ նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Սորոսականները» տարբեր կեղծ եւ սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդում իրականացնել իմ նկատմամբ, սակայն այդ բազմաթիվ կեղծ, սուտ բողոք-դիմումներից որեւէ մեկին ընթացք չի տրվում»: Նրա խոսքով, ինքն ընդունել է «սորոսականների» մարտահրավերը. «Մալաթիայի ոստիկանությունից եմ մի քիչ նեղացած, որովհետեւ վերջերս իրեն շատ պասիվ է պահում: Առաջին մոտ 15 այցելություններս Ոստիկանության Մալաթիայի բաժին է եղել, սակայն ընթացքում այդ բաժինը դուրս մնաց մրցակցությունից»:

Մալյանը ընդգծեց, որ այն «սորոսականը», ում դիմումով նա 100-րդ անգամ այցելում է իրավապահ մարմիններին, նվեր կստանա իր հեղինակած գիրքը: Նա նաեւ ծաղկեփունջ էր պատրաստել քննիչի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: