Հայերեն   English   Русский  

Կառավարության որոշմամբ թաղման նպաստ կվճարվի նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո


  
դիտումներ: 108

Կառավարությունն իր այսօրվա ՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով սահմանվում է, որ թաղման նպաստ է վճարվում նաեւ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց հետեւյալը. «Նախագծով առաջարկվում է սահմանել, որ թաղման նպաստ է վճարվում նաեւ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում.

18 տարին լրացած անձի ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից:

Նախագծում լուծում է տրվել նաեւ իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է,որ.

1. «Պետական նպաստների մասին» օրենքի 32.1-ին հոդվածի 2-րդ մասում (հաշմանդամության նպաստ նշանակելիս), ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 4-րդ մասի 3.1-ին կետում (հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում դիմելիս) նշված եռամսյա ժամկետները հաշվարկվում են «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից.

2. hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում եւ նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողը իր գրավոր դիմումը եւ մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին.

3. նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաեւ նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

«Նպաստառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվում է նաեւ օտարերկրյա պետությունում մահացած անձանց դեպքում նախատեսվող համապատասխան փաստաթուղթը»,-ասաց Բաթոյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: