Հայերեն   English   Русский  

Ծննդատների փակման պատճառով այս պահին կրճատված աշխատողներ չկան. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 244

Առողջապահության նախարարությունը կփորձի լուծել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնվածների խնդիրը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ծննդատների փակման հետևանքով կրճատված աշխատողներ այս պահին չկան։

«Այն բուժաշխատողները, որոնք այլ հաստիք չունեն չֆինանսավորվող ծննդատներում, կփորձենք այլ բուժհաստատություններում աշխատանքի ընդունել»,– վստահեցրեց նախարարը։

ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել է տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Նախարարությունն այս տարի դեռ չի ֆինանսավորել Մարալիկի, Աչաջուրի, Արտենիի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատներին։

Նշենք, որ նախարարության պահանջած տարեկան 150 ծնունդ ցուցանիշին ամենամոտը Եղվարդի ծննդատան 2019–ի ցուցանիշն է (136 ծնունդ)։ Թորոսյանը հայտնեց` առողջապահության նախարարության մասնագետները ևս մեկ անգամ կայցելեն այնտեղ` ստուգայցի։

«Եթե կառույցի կադրային ու շենքային պայմանները բավարարում են, ապա հնարավոր է` ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի նրանց։ Մյուս ծննդատների մասով նույնը չեմ կարող ասել, քանի որ դրանց թե՛ պայմանները, թե ՛ ծնունդների տարեկան քանակը չեն բավարարում մեզ»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ օրերս Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի բնակիչները փակել էին Գյումրի–Երևան ճանապարհը։ Նրանք պահանջում էին չեղարկել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման որոշումը։ Ի դեպ, ըստ տվյալների`2018 թվականին Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայությունից օգտվել է 126 ծննդկան, իսկ 2019-ին` 105: Եղվարդի ծննդատան աշխատողները նույնպես երկու օր անընդմեջ բողոքի ակցիա էին արել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: