Հայերեն   English   Русский  

Միհրան Ջաբուրյան. «Յուրաքանչյուր հաջող ելույթից հետո մարզիկն ավելի է ոգևորվում»


  
դիտումներ: 685

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը տարեսկզբին հաջող մեկնարկ ունեցավ Իրանում ավանդաբար անցկացվող Թախտիի գավաթի հոբելյանական` 40-րդ խաղարկությունում, ինչը հատկապես կարևոր էր Եվրոպայի կարևորագույն ստուգատեսից առաջ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի առաջնորդությամբ մրցավայր մեկնած 16 ըմբիշներից 6-ին հաջողվեց մեդալ նվաճել: Հայ մարզիկները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալի արժանացան և վաստակած 175 միավորով զբաղեցրին 2–րդ տեղը, իսկ մեդալաների հաշվարկով` 3-րդ հորիզոնականը:
57 կգ քաշաին կարգում 14 մարզիկների պայքարում Միհրան Ջաբուրյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել. հայ մարզիկն անցկացրած 4 գոտեմարտերից 3-ում հաղթանակ տոնեց և միայն 1-ում զիջեց թիմակից, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին:
Անկախի հետ զրույցում Միհրանը կիսվում է տպավորություններով, կարևորում տարեսկզբյան ձեռքբերումը` նոր տարում մեդալաբեր ելույթներ մաղթելով մարզիկներին:

Միհրան Ջաբուրյան 2020


«Մեկնել էի մրցավայր հաջող մասնակցելու, հաղթանակած գոտեմարտեր անցկացնելու նպատակով: Տոներից հետո բարձր տրամադրությամբ մոտեցա մրցումներին»:
Միհրանը բրոնզե մեդալի համար լարված պայքարում 10:9 հաշվով հաղթեց իրանցի մարզիկ Էրֆան Զաֆարիյանին: Հայ մարզիկը տպավորված է երկրպագուների ներկայությունից. «Ստուգատեսը բավական լավ էր կազմակերպված, առանձնակի շունչ էին հաղորդում հանդիսականները, որոնք բազմաթիվ էին: Նրանց շնորհիվ ամեն բան շատ լավ անցավ: 4 գոտեմարտ անցկացրի, որից 3-ում հաղթեցի իրանցի ըմբիշներին, եզրափակչում հանդես գալու համար պարտվեցի միայն Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին»:
Տարվա հաջող մեկնարկը Միհրանի խոսքով լրացուցիչ խթան է առաջիկա մրցաշարերից առաջ:
«Նման մրցաշարերն անչափ կարևոր են, քանի որ Եվրոպայի կարևորագույն ստուգատեսից առաջ հարկավոր է որևէ մրցաշարում հանդես գալ լրջորեն նախապատրաստվել:
Հաջողված ելույթից հետո մարզիկն ավելի է ոգևորվում, շահագրգռվում և ցանկանում է ավելի լավ հանդես գալ

Միհրան Ջաբուրյան 2020

հաջորդ մրցումներում, իհարկե, քրտնաջան մարզվելով և անձնվիրաբար աշխատելով:
Մեդալով սկսելն էլ ոգևորում է և լրացուցիչ վստահություն է հաղորդում: Շուտով արդեն ուսումնամարզական հավաքի կմասնակցենք Օլիմպավանում, որից հետո կմեկնենք Իտալիա: Շնորհակալ եմ ողջ մարզչական անձնակազմին և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին` մարզիկներիս ամեն կերպ աջակցելու համար:
Բոլոր մարզիկներին նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում 2020 թվականին: Տարին օլիմպիական է. ուստի հաղթանակած ելույթներ եմ ցանկանում Տոկիո-2020-ի ուղոգիր նվաճած մարզիկներին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: