Հայերեն   English   Русский  

«Դատապարտյալների հիվանդանոցում» դատապարտյալը արդեն մի քանի օր է, հացադուլ է հայտարարել, հրաժարվել նաև դեղորայքից


  
դիտումներ: 194

Շուրջ 11 ամիս դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դատապարտյալ, 30-ամյա Գեղամ Մելքոնյանը, ով բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, որի միջոցով իր դժգոհությունն է արտահայտում դատարանի վճռած պատժաչափի դեմ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Գեղամ Մելքոնյանի մայրը՝ Լուսինե Հարությունյանը կայքին հայտնել է. «Գեւորգը արդեն 11 ամիս է, ինչ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, մենք հիվանդանոցի անձնակազմի դեմ որեւէ դժգոհություն կամ բողոք չունենք, դեռ մի բան էլ շնորհակալ ենք իրենց վերաբերմունքի համար: Գեւորգը հացադուլ է հայտարարել պատժաչափի վերանայման վերաբերյալ: 13 տարի է, ինչ տառապում է խրոնիկական էպիլեպսիայով, նոպաներ է ունենում միշտ, բնակարանային գողություն էր կատարել, մեղքը ընդունել է, տուժողի վնասն էլ հատուցված է:

Դատավորը 5 տարի 4 ամիս պատիժ է նշանակել, չկա մեկը, ում կարող ենք դիմել, մեր միակ հույսը դուք եք»:

Դատապարտյալի մայրը, նշելով, որ դատավճիռը կայացվել է 2019թ-ի դեկտեմբերի 20-ին, բայց ապրիլից կալանավորված է եղել. «Դատավճիռը մենք բողոքարկելու ենք միանշանակ, բայց մինչեւ մեր բողոքարկելը, խնդրում ենք պատկան մարմինների ուշադրությունը՝ առողջական խնդիրներ ունեցող տղայի նկատմամբ: Արդեն 3 օր է, ինչ հացադուլ է հայտարարել, անգամ դեղորայքից ու բուժօգնությունից է հրաժարվել, ամբողջ էպիկրիզները կա, ամսվա մեջ անընդհատ շտապօգնություն ենք կանչել, իր վիճակը ծանր է…»:

Դատապարտյալի մոր պատմելով՝ եթե իրենց տղան շարունակի հացադուլն ու դեղորայքից հրաժարվելը, ապա վիճակն ավելի կվատանա. «Ինքը սովորական էպիլեպսիկ չի, իր առողջական վիճակը շատ լուրջ է…Ինքը որ կալանավորվեց, իրեն տեղափոխեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ վիճակը վատանում է ու տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց: Տեսակցության ժամանակ էլ հենց վատացավ ու տեղափոխեցին, մինչեւ այսօր այնտեղ է, անգամ բժիշկներն են վախենում Գեւորգի առողջական վիճակից»,-պատմեց մայրը, ով 2-րդ կարգի հաշմանդամություն ունի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: