Հայերեն   English   Русский  

​Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել


ԳԴՀ կանցլերի խոսքով՝ դա վերաբերում է, մասնավորապես, ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը և ավելացնի պաշտպանության ծախսերը:


  
դիտումներ: 184

Եվրոպան պետք է համաշխարհային քաղաքականության մեջ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ լինի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կշարունակեն փոխվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ Financial Times թերթում տպագրված հարցազրույցում ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«ԱՄՆ-ի ուշադրությունը Եվրոպային թուլանում է, և այդպես կլինի յուրաքանչյուր նախագահի դեպքում,- ասել է Մերկելը:- Հետևաբար բոլորս Եվրոպայում և հատկապես Գերմանիայում պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնենք»:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը և ավելացնի պաշտպանության ծախսերը՝ դրա համար հատկացնելով ավելին, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը, որ նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամների պարտավորություններով դաշինքի առջև: Մերկելի խոսքով՝ պաշտպանության համար ներկայիս եվրոպական ծախսերի մակարդակը «ինքնին բավարար չէ»:

«Եվրոպան նաև պետք է, եթե անհրաժեշտ է, պատրաստ լինի միջամտությանը [կոնֆլիկտների լուծմանը արտասահմանում]: Դրա օրինակը ինձ համար Աֆրիկան է»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում և Սոմալիում:

Միաժամանակ կանցլերը ընդգծել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համագործակցությունը պետք է շարունակվի և մեծ նշանակություն ունենա «հատկապես համաշխարհային արժեքներին և շահերին առնչվող հիմնարար հարցերի լուծման ոլորտում»: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ի և Եվրոպայի հաջողության երաշխիքը միջազգային քաղաքականությունում կլինի Եվրամիության միասնությունը, քանի որ «Գերմանիան շատ փոքր է, որպեսզի ինքնուրույն շոշափելի աշխարհաքաղաքական ազդեցություն ունենա» աշխարհում:

Նա նաև հայտարարել է ուժգնացող տնտեսական մրցակցության խորապատկերում Արևմուտքի երկրների և ՉԺՀ-ի միջև առևտրային կոնֆլիկտների անցանկալիության մասին, քանի որ «մեկուսացումը Չինաստանից լուծում չէ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: